«Սումգայիթի կոտորածն իմ մանկության ավարտն էր». Աննա Աստվածատուրյան-Տերկոտ
Ամերիկահայ գրող, հրապարակախոս, Բաքվի փախստական Աննա Աստվածատուրյան-Տերկոտը, ով օրերս Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ներկայացրել է իր «Изгнание в никуда» գիրքը, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ գրքում գրել է 1988-1992 թվականներին Ադրբեջանում տեղի ունեցած հայերի ցեղասպանության մասին։
Աննան 11 տարեկան էր, երբ տեղի է ունեցել ողբերգությունը. «Սումգայիթը Բաքվում մեր կյանքի ավարտի սկիզբն էր, իմ մանկության ավարտն էր։ Մոտ 30 տարի է անցել այդ պահից, և ես գիտեմ, որ այդ գազանություններն ու ռասիզմը հայերի նկատմամբ շարունակվում է Արցախում և ամբողջ աշխարհում։ Դրա համար, ես կարծում եմ, որ Հայաստանի և Սփյուռքի հայերս իրավունք չունենք մոռանալու մեր պատմության այդ ողբերգական մասը, որովհետև եթե մոռանանք, դա հաստատ կկրկնվի»։
Նրա խոսքով՝ այդ ողբերգական իրադարձությունների մասին պետք է բարձրաձայնել, հասցնել ամբողջ աշխարհի մարդկանց. «Ես կարծում եմ, որ Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչները Սումգայիթի կոտորածի 30-ամյակի ժամանակ ցույց կտան Ադրբեջանին, որ որքան էլ նրանք փորձեն մեր պատմությունն ու մեր ազգը ջնջել, մենք հիմա այստեղ ենք և շարունակում ենք հիշել»։