«Համայն հայությունը վտանգի տակ է». Լարիսա Ալավերդյան

Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով Սումգայիթի կոտորածի մասին՝ ասաց, որ 2018թ. փետրվար ամսին կլրանա այնպիսի մի հանցագործության 30 տարին, որը դասվում է ցեղասպանությունների շարքին, և որի համար մինչ այսօր ոչ միայն որևէ մեկը չի պատժվել, այլև այդ մեթոդներով գործողություններն Ադրբեջանի կողմից շարունակվում են. «1988թ. փետրվարը ցույց տվեց, որ հայությունը ոչնչացնելու, իրեն չպատկանող հողերը բռնակցելու քաղաքականությունը շարունակական բնույթ ունի։ Ադրբեջանը ոչ միայն չի հրաժարվում դրանից, այլև պաշտոնական մակարդակով կրկնում են դա։ Համայն հայությունը վտանգի տակ է։ Այն վտանգը, որը կախվել է մեր ժողովրդի վրա, շարունակում է մնալ և շարունակում է ավելի դաժան և արտահայտված ձևերով»։

Լարիսա Ալավերդյանը նկատեց՝ 2016թ. ապրիլը բոլորին ցնցեց՝ իր բարբարոսական ձևերով, այնինչ, ըստ նրա՝ այդ ժամանակ չի եղել որևէ արարք, որն արդեն տեղի չի ունեցել Սումգայիթում. «Ես կոչ եմ անում բոլոր մասնագետներին՝ ուշադիր լինել այս հարցերում, որովհետև անպատժելիությունը ծնում է հանցագործության շարունակություն։ Չի լինում այնպես, որ դա չպատժվի, և ինչ-որ մեկը հանկարծ հրաժարվի այդպիսի քաղաքականությունից։ Համայն հայությունը պետք է իր ուժերը լարի, և այս արարքը պատժվի»։

Տեսանյութեր

Լրահոս