Ուզո՞ւմ եք նիհարել. քաղցած վիճակում խմեք այս կոկտեյլները
Առաջարկվող կոկտեյլներն օրգանիզմը կապահովեն անհրաժեշտ սննդարար նյութերով։ Դրական արդյունքը բավական շուտ կնկատեք. քաշը կսկսի նվազել։ Steptohealth.ru-ն գրում է, որ դա տեղի կունենա ճարպերի քանակի նվազեցման շնորհիվ։ Եվս մեկ առավելություն. կոկտեյլների օգտագործման արդյունքում կկարողանաք վերահսկել օգտագործվող կալորիաների քանակը։
Մի քանի հանգամանք, որոնց հարկավոր է ուշադրություն դարձնել.
- Ըմպելիքները 200 կալորիայից ավելի չպիտի պարունակեն։
- Օգտագործվող կոկտեյլը չպետք է գերազանցի 200-750 մլ-ը։
- Բոլոր բաղադրիչները պետք է քիչ քանակով շաքար և մեծ քանակով բջջանյութ և սպիտակուցներ պարունակեն։
- Հիշեք, որ նպատակն ավելորդ քաշից ազատվելն է։ Հետևաբար՝ կոկտեյլն օգտագործելուց առաջ և հետո ոչինչ հարկավոր չէ ուտել, մինչև սննդի հաջորդ ընդունումը։
Կանաչ կոկտեյլ։ Շատ կարևոր է օրը սկսել մթերքով, որն օրգանիզմին էներգիա կհաղորդի։ Այս ըմպելիքի օգնությամբ հոգնածություն չեք զգա։
Բաղադրիչներ
- կես բաժակ ջուր՝ 125 մլ
- 5 ճաշի գդալ կիտրոնի կամ նարնջի հյութ՝ 50 մլ
- կես բաժակ թարմ վարունգ՝ 100 գրամ
- կես կանաչ խնձոր
- 2 բաժակ սպանախ՝ 50 գրամ
- 1 ճաշի գդալ մաղադանոս՝ 10 գրամ։
Պատրաստման եղանակը
- Լավ լվացեք բոլոր բաղադրիչները, խնձորի, վարունգի կեղևը հեռացրեք։
- Մանր կտրատեք։
- Բլենդերի մեջ լցրեք ջուրը և ցիտրուսային մրգի հյութը։
- Ավելացրեք կտրատած վարունգը, խնձորը, սպանախն ու մաղադանոսը։
- Խառնեք այնքան, մինչև ստանաք միասեռ զանգված։
- Եթե ըմպելիքը ձեզ համար շատ խիտ է ստացվել, կարող եք մի փոքր ջուր ավելացնել։
Իմբիրով և կիտրոնով ըմպելիք։ Գազարն օրգանիզմը կհագեցնի բջջանյութով և սպիտակուցներով, իսկ իմբիրը կօգնի արագացնել նյութափոխանակությունը։
Բաղադրիչներ
- 2 բաժակ քերած գազար՝ 230 գրամ
- 1 խնձոր (գերադասելի է՝ կարմիր)
- կես թեյի գդալ իմբիր՝ 2 գրամ
- կես բաժակ հանքային ջուր՝ 125 մլ
- 5 ճաշի գդալ կիտրոնի հյութ՝ 50 մլ
- 2 սառույց
- 1 ճաշի գդալ մեղր՝ 25 գրամ։
Պատրաստման եղանակը
- Լավ լվացեք բոլոր բաղադրիչները, մաքրեք խնձորի, գազարի կեղևը, կտրատեք։
- Մանրացրեք իմբիրը։
- Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում։
- Ցանկության դեպքում կարող եք մեկ ճաշի գդալ մեղր ավելացնել՝ ըմպելիքը քաղցրացնելու, էներգետիկ արժեքը բարձրացնելու համար։
Վարսակի փաթիլներով մրգային կոկտեյլ։ Վարսակը մի շարք օգտակար հատկություններ ունի, այն խորհուրդ է տրվում մարդկանց, ովքեր գաստրիտ ու փորկապություն ունեն։ Մրգերի հետ համադրելու դեպքում կարող եք համեղ և սննդարար ըմպելիք ստանալ։
Բաղադրիչներ
- 2 բաժակ վարսակի փաթիլներ՝ 100 գրամ
- 2 բաժակ ջուր՝ 500 մլ
- 1 բաժակ թարմ ելակ՝ 150 գրամ
- 1 խնձոր
- կես բաժակ նշի կաթ՝ 100 գրամ
- 2 բանան
- 1 թեյի գդալ դարչին՝ 5 գրամ։
Պատրաստման եղանակը
- Վարսակի փաթիլները եփեք 2 բաժակ ջրով (հարկավոր է եփել դանդաղ կրակին 10 րոպե)։
- Թողեք սառչի, թափեք ավելորդ ջուրը։
- Վարսակի փաթիլներն ու ելակը խառնեք բլենդերում։
- Ավելացրեք կտրատած խնձորը, նշի կաթը, խառնեք։
- Ավելացրեք բանանը։
- Խառնեք, մինչև ստանաք միասեռ զանգված։
- Մատուցելիս ավելացրեք դարչինը։
Ավոկադոյով կոկտեյլ։ Ավոկադոն մեծ քանակով օգտակար և հեշտ յուրացվող ճարպեր է պարունակում։ Այն օգնում է պայքարել արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակի դեմ։
Բաղադրիչներ
- 1 միջին ավոկադո
- 1 բաժակ թարմ ելակ՝ 150 մլ
- 3 բաժակ յուղարկված կաթ՝ 750 մլ
- 1 բանան
- 1 ճաշի գդալ շաքար՝ 10 գրամ։
Պատրաստման եղանակը
- Մաքրեք ավոկադոն։
- Լավ լվացեք ելակը, կտրատեք։
- Երկու բաղադրիչները խառնեք բլենդերում։
- Ավելացրեք կաթը, բանանը, նորից խառնեք, որպեսզի միասեռ զանգված ստանաք։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը