«Վստահ եմ, որ միայն ձեր միջոցով մենք կարող ենք թռիչքային զարգացումներ ունենալ». Կարեն Կարապետյանը շնորհավորել է ուսանողներին՝ միջազգային օրվա առթիվ
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է Ուսանողների միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Իր ելույթում կառավարության ղեկավարը նշել է.
«Սիրելի ուսանողներ, սիրելի երիտասարդներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ։
Երիտասարդները յուրաքանչյուր երկրի ապագան են։ Բայց ես նաև համակարծիք եմ այն պնդմանը, որ երիտասարդները նաև մեր ներկան են։ Ամեն օր մեր երիտասարդներն ապացուցում են, որ ի զորու են մեծ գործերի՝ սկսած մեր առաջնագծում կանգնած տղաներից, վերջացրած միջազգային օլիմիպիադաների հաղթող ուսանողներով, գիտնականներով, շինարարներով, գործարարներով և կառավարիչներով։ Ես վստահ եմ, որ դուք կարող եք աշխարհը փոխել։ Ավելին, ես վստահ եմ, որ միայն ձեր միջոցով մենք կարող ենք թռիչքային զարգացումներ ունենալ։
Մեր քաղաքականությունն ուղղված է նրան, որ մաքսիմալ ձեր ներուժն օգտագործենք։ Այսօր իսկ կառավարությունում շատ պատասխանատու պաշտոններում աշխատում են եռանդուն, ստեղծագործ և, ամենակարևորը, հայրենասեր երիտասարդներ։ Շատ ոլորտներ կան մեր երկրում, որ մեզ համար լրիվ նոր են, և այդ տեղերում չափազանց կարևոր է, եթե չասեմ անհրաժեշտ է՝ կաղապարներից դուրս մտածելը, ստեղծագործ և համարձակ լինելը։ Մենք նախաձեռնել ենք հավակնոտ ծրագրեր, որոնք որակապես և արմատապես փոխելու են մեր երկրի զարգացման վեկտորը։ Այս համատեքստում ես վստահ եմ, որ ինչքան շատ կարողանանք և հաջող կարողանանք ինտեգրել մեր երիտասարդների մասնակցությունը մեր կառավարման համակարգում և մեր առօրյայի մեջ, այնքան ավելի առաջանցիկ տեմպերով կարող ենք զարգանալ։
Սիրելի՛ ուսանողներ, սիրելի՛ երիտասարդներ,
Չափազանց շահագրգռված եմ և ուզում եմ ձեզ առաջարկել՝ գնահատեք ձեր երիտասարդ լինելը, ժամանակը ռացիոնալ օգտագործեք, սովորեք, զարգացեք, սպորտով զբաղվեք, ընկերություն արեք, քեֆ արեք, սիրեք, սիրահարվեք և, ամենակարևորը, մեր երկրին ծառայեք:
Մեջքներդ միշտ պինդ պահեք, մի վախեցեք ունենալ սեփական կարծիք, արտահայտեք այն, պաշտպանեք այն, բայց ձեր բոլոր նախաձեռնություններում գերադասեք երկրի շահը. այն վեր է անձնականից, ընտանեկանից, ընկերականից։
Չկա մի հաջողակ մարդ, որն իր կյանքի ընթացքում չի ունեցել բազմաթիվ ոչ հաջող փորձեր։ Մի վախեցեք դրանից, ուղղակի այդ փորձը մաքսիմալ էֆեկտիվ օգտագործեք։ Այսօր խելացի մարդու օր է: Յուրաքանչյուր ոք կարող է փոխել աշխարհն իր շուրջ՝ բարի խոսքով, հանդուրժողականությամբ, խելացիությամբ և ջանասիրությամբ:
Ավարտելով խոսքս՝ ուզում եմ ձեզ վստահեցնել, որ մենք չափազանց շահագրգռված ենք և ձեր կողքին ենք լինելու ցանկացած հայրենանվեր և զարգացմանն ուղղված ձեր ծրագրերում»: