«Հայտնի խոսք կա՝ կիսադատարկ բաժակ և կիսալիքը բաժակ». Խոսրով Հարությունյանը՝ Ռիչարդ Միլսի հայտարարության մասին

«Հայտնի խոսք կա՝ կիսադատարկ բաժակ և կիսալիքը բաժակ, մոտավորապես խոսքը դրա մասին է։ Այն, որ մեր տնտեսական համակարգն ընդհանրապես լուրջ բարեփոխումների կարիք է զգում, և առանց այդ բարեփոխումների, թե՛ կարճաժամկետ, թե՛ միջնաժամկետ, թե՛ երկարաժամկետ հատվածում խոսել դինամիկ զարգացման համար անշրջելի երաշխիքների ձևավորման մասին՝ ուղղակի հնարավոր չի, այստեղ ոչ ոք չի վիճում։ Այսինքն՝ այո՛, եթե մեր տնտեսությունը շատ լավ վիճակի մեջ լիներ, այդքան բարեփոխումների մասին չէինք խոսի։ Իհարկե, լավ վիճակում չէ, որովհետև մենք դեռևս չունենք աներկբա մրցունակ ազգային տնտեսություն»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը՝ մեկնաբանելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի խոսքը, որ Հայաստանում դեռևս դժվարին տնտեսական վիճակ է:

Ըստ նրա՝ դեսպանը ճիշտ է և նոր բան չի ասել, իսկ ՀՀ կառավարության ամբողջ խնդիրն այն է, թե ինչպես ներգրավել ներդրումներ, խթանել սեփական կապիտալը և ձևավորել բարձր տեխնոլոգիական տնտեսական հզորություններ, որոնք թույլ կտան արտաքին շուկաներում մրցունակ ապրանք արտահանել. «Քանի մեր տնտեսությունը նման ինստիտուցիոնալ կարողություններ ձևավորելու անհրաժեշտության առջև է կանգնած, շատ միամիտ կլիներ հնչեցնել, թե շատ լավ վիճակում է մեր տնտեսությունը։ Այսինքն՝ պարոն դեսպանը որևէ նոր բան չի ասում»։

 

Տեսանյութեր

Լրահոս