Բաժիններ՝

«Իմ գեղեցկության գաղտնիքը երջանկությունն է». «Բլանկոյի այրին» սերիալի աստղն այսօր դարձավ 55 տարեկան

Կոլումբիացի դերասանուհի Մարիա Հելենա Դոերինգն այսօր՝ նոյեմբերի 16-ին, դարձավ 55 տարեկան։ Լատինաամերիկյան սերիալների աստղն այս տարի ծննդյան տոնն անցկացնում է Լաս Վեգասում։ Հայաստանում նրան ավելի շատ հիշում են «Բլանկոյի այրին» սերիալից, որտեղ նա մարմնավորում էր գլխավոր հերոսուհուն՝ Ալիսիա Գուարդիոլային։

168.am-ի հետ բացառիկ զրույցում դերասանուհին անկեղծորեն նշեց, որ սիրում է իր ծննդյան օրը։ «Սա հնարավորություն է, որն Աստված ինձ տվել է՝ այս աշխարհը վայելելու համար։ Չնայած՝ մեծանում եմ»,- ասաց նա։

Մարիա Հելենա Դոերինգն այս տարի արժանացել է «Լավագույն չարագործ դերասանուհի» մրցանակին՝ «Վրեժ» հեռուստասերիալի իր կերպարի համար։ «Վրեժ» հեռուստասերիալում նա մարմնավորել է Վիկտորիա Պիեդրահիտային։ Իր դերի մասին 168.am-ի հետ բացառիկ հարցազրույցում նա ասել էր. «Ես կերտում եմ գլխավոր բացասական հերոսի՝ Վիկտորյա Պիեդրահիտայի կերպարը։ Այն շատ կարևոր կերպար է: Ես շատ վատն եմ (ծիծաղում է.- Ռ.Մ.), և դա ինձ դուր եկավ»։

Կարդացեք նաև

Հետաքրքրվեցինք, թե այս տարի ինչպես է պատրաստվում նշել ծննդյան տոնը։ «Ես հիմա Լաս Վեգասում եմ, մասնակցում եմ լատինական «Գրեմմի» մրցանակաբաշխությանը»,- ի պատասխան՝ ասաց դերասանուհին։

Մեր հարցին, թե ո՞րն է 55-ամյա դերասանուհու երիտասարդության և գեղեցկության գաղտնիքը, Մարիա Հելենա Դոերինգն այսպես պատասխանեց. «Իմ գեղեցկության գաղտնիքը երջանկությունն է։ Պետք է նվիրել քեզ այն բոլոր հաճելի պահերը, որ կարող ես, ուտել այն, ինչ ուզում ես և երբ ուզում ես, մարզվել, քանի որ մարմինդ դրա կարիքն ունի, վայելել և շնորհակալ լինել քո առողջության, ընտանիքի և այս կյանքի համար: Կյանքը կարճ է և սթրեսային, բայց՝ գեղեցիկ»։

168.am-ը շնորհավորում է դերասանուհուն և մաղթում նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս