
«ՊԵԿ-ը փորձում է հավասար դաշտ ստեղծել բոլորի համար, իսկ մենք փորձում ենք խոչընդոտել նրան». Վահրամ Բաղդասարյանը՝ «Առինջ մոլում» տեղի ունեցածի մասին

Այսօր Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ 2018 թվականի պետական բյուջեում եղած թվերը շինծու չեն ու համապատասխանում են կառավարության և ՀՀԿ-ի ծրագրերին:
Նա անդրադարձավ վերջին օրերին «Ծառուկյան» խմբակցության կողմից ԱԺ-ում բարձրաձայնվող՝ «Առինջ մոլում» ՓՄՁ ներկայացուցիչների և ՊԵԿ աշխատողների միջև տեղի ունեցած միջադեպերին.
«Այստեղ դահլիճում շատ խոսվեց հարկային դաշտում հավասարության մասին: Օրենքը հավասար է բոլորի համար: ՊԵԿ-ի սուրբ պարտականությունն է՝ ապահովել հարկային հավասար դաշտ, ու մենք՝ որպես խորհրդարանական վերահսկողություն, պետք է հետևողական լինենք, ինչ-որ տեղ՝ նաև պարտադրենք, որ ՊԵԿ-ն իր պարտականությունները կատարի, ոչ թե՝ խոչընդոտենք նրան:
Այստեղ այս քննարկումների արդյունքում մենք մեկ մոլում տեղի ունեցածով գնահատական ենք տալիս ՊԵԿ-ին, չի կարելի, գնահատականը պետք է տրվի ընդհանուր գործառույթների համար: ՊԵԿ-ը փորձում է հավասար դաշտ ստեղծել բոլորի համար, իսկ մենք փորձում ենք խոչընդոտել նրան: Դա պարզապես անթույլատրելի է, մենք պետք է հետևողական լինենք ոչ թե մեկ մոլի, այլ բոլոր տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, իսկ եթե այդտեղ կան վայրագություններ, դրանք պետք է բացահայտվեն ու պատժվեն»:
Նրա խոսքով՝ արհեստական մոնոպոլ կառույցները պետք է արմատախիլ արվեն. «Երբ մենք այստեղ քննադատություններ ենք հնչեցնում, մենք պետք է ինքներս մեզ հաշիվ տանք՝ մենք ի՞նչ ենք արել մեր երկրի համար և ի՞նչ իրավունք ունենք պահանջելու: Այստեղ նստած քննադատողներից շատերը եղել են այն պոստերին, որոնք ի վիճակի են կոռուպցիոն ռիսկերը կրճատելու: Բոլորս՝ ինձնից սկսած, պետք է մեզ հարց տանք՝ մենք նպաստե՞լ ենք կոռուպցիոն ռիսկերի ավելացմանը, թե՞ ոչ: Եվ մեր ելույթներում պետք է զգույշ լինենք, որ նման քննադատությունների չարժանանանք»: