
«Հայաստանի պետական պարտքը կառավարելի է». Վաչե Գաբրիելյան

Այսօր Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը խոսեց այն մասին, թե ինչպիսին է ՀՀ պետական պարտքը և ինչ աղբյուրներ ունի:
Նա նշեց, որ այն ներգրավված է միջազգային դոնոր կառույցներից, ունի բավականին ցածր տոկոսադրույք: Նրա խոսքով՝ պրոցեսը կառավարելի է. «Կառավարելիությունը երևում է այն տրամաբանությամբ, որ արդեն 2018 թվականին երևում է շրջադարձային կետ, երբ ՀՆԱ-ի մեջ պետական պարտքը կայունանում է, և մենք մեկ տոկոսով իջնում ենք: Դա բնավ չի նշանակում, որ մենք չենք շարունակելու զարգացման ծրագրերը, ուղղակի մենք դա անելու ենք չափավորված կերպով՝ համակցելով ընդհանուր կայունության հետ: Մենք մեր ներքին ծրագրերն ավելացրել ենք, որ ներքին ինվեստիցիաների վրա ուղղորդենք»:
Փոխվարչապետի խոսքով՝ 2018 թվականի բյուջեի նախագիծը՝ որպես քաղաքական փաստաթուղթ, շատ հստակ արտացոլում է՝ ինչու և ինչի համար են տրված առաջնահերթությունները: Ըստ նրա՝ բոլոր խնդիրները հստակորեն նախանշված են.
«Բյուջեն իրատեսական է, ազնիվ ու շատ հստակ տալիս է այն առաջնահերթությունները, որը մեզ հնարավորություն կտա ոչ թե կարճաժամկետ լուծումներ գտնել, այլ երկարաժամկետ տնտեսական հիմքեր ստեղծել»: