
Հնարավոր է՝ ՀՀ վարչապետին կից մի շարք խորհուրդներ վերանան

Այսօր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նկատեց, որ ՀՀ վարչապետին կից կա 20 խորհուրդ, որոնք պետք է տարբեր ոլորտներում ուսումնասիրություններ անեն:
«Գիտատեխնիկական խորհուրդ, Կայուն զարգացման ազգային խորհուրդ, Արդյունաբերության, Իրավական ակտերի բարեփոխումների խորհուրդ և բազում այլ խորհուրդներ, որոնք կոչված են ոլորտային ուսումնասիրություններ անելու: Հայաստանում բյուջե է քննարկվում, ԱԺ հարակից տարածքներում ՓՄՁ-ների մի շարք ներկայացուցիչներ իրենց ձայնն են բարձրացնում, այս խորհուրդներից որևէ մեկում նիստ չի գումարվել, ինչո՞ւ է նման իրավիճակ ստեղծվել»,- հարցրեց պատգամավորը:
Ի պատասխան՝ Կ. Կարապետյանն ասաց, որ այդ խորհուրդները վաղուց են ստեղծվել. «Մենք քննարկում ենք այդ խորհուրդների լինել-չլինելու հարցը, մենք գտնում ենք, որ շատ խորհուրդներ դրանցից չեն լինելու, բայց իրենց առկայությունը մեզնից որևէ բյուջետային ծախս չի պահանջում»: