«Բնականաբար, Իսրայելը կփորձի Հայաստանում նույնպես քարոզել հակաիրանական տրամադրություններ». Արաքս Փաշայան
Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, ԵՊՀ դոցենտ, արաբագետ Արաքս Փաշայանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին։ Արաբագետը նախ ընդգծեց, որ Մերձավոր Արևելքն աշխարհի ամենապայթյունավտանգ տարածաշրջաններից է, որտեղ բախվում են տարածաշրջանի տարբեր երկրների, միջազգային խաղացողների շահերը։ Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքի հիմնական գերտերությունները՝ Սաուդյան Արաբիան և Իրանը, մրցակցում են միմյանց հետ նաև այլ պետությունների տարածքում։
«Այսօր մենք ականատես ենք մի շարք միջնորդավորված պատերազմների, միջազգային հակասությունների, որոնք, ըստ էության, արտացոլում են այդ երկու պետությունների առճակատումը։ Եթե դրան գումարենք Թուրքիայի հարաճուն հավակնությունները, նաև՝ Կատարի, ապա պարզ է դառնում, որ Մերձավոր Արևելքում պետություններն անվերջ պայքարում են ազդեցության լծակների համար։ Այս ներքին հակասությունները շատ լավ օգտագործվում են գերտերությունների կողմից, մասնավորապես՝ ՌԴ-ի և ԱՄՆ-ի»։
Ըստ արաբագետի՝ փաստ է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ Իբն Սալմանը կարողացավ «բարեփոխումներ» իրականացնել երկրի ներսում, որոնք ուղղված են Սաուդյան Արաբիայի դիրքերի ամրապնդմանը. «Վերջին շրջանում Իրանի հաղթանակը սիրիական և իրաքյան ճակատներում լուրջ մտահոգություն է առաջացրել Սաուդյան Արաբիայում։ Կարելի է ասել, որ սիրիական պատերազմում Սաուդյան Արաբիան ձախողվեց, և նա փորձում է վերջին հենակետերից մեկում՝ Լիբանանում, որտեղ առաջատար դիրքեր ունի «Հիզբալլահը», ամեն գնով կասեցնել «Հիզբալլահի» հետագա առաջխաղացումը, փորձել Լիբանանում անկայունություն հրահրելով՝ պահպանել սուննիական ուժերի գերակայությունը քաղաքական գործընթացներում։ Այսինքն՝ Սաուդյան Արաբիայի հիմնական նպատակն է՝ ամեն գնով փորձել հակազդել Իրանի և Իրանի դաշնակից ուժերի առաջխաղացմանը Մերձավոր Արևելքում և այլ երկրներում»։
Արաքս Փաշայանն ընդգծեց՝ Իրանն ու Սաուդյան Արաբիան շատ լուրջ մրցակցում են ազդեցության լծակների համար, և ըստ նրա՝ Սաուդյան Արաբիայի իշխանությունների, մասնավորապես՝ երիտասարդ արքայազնի այս ջղաձիգ քաղաքականությունը նպատակ ունի ամեն գնով կասեցնել շիայական Իրանի հետագա առաջխաղացումը Մերձավոր Արևելքում. «Սաուդյան Արաբիան մենակ չէ իր այս պայքարում, Իսրայելն ու ԱՄՆ-ը համարվում են Սաուդյան Արաբիայի դաշնակիցները»։
168.am-ի հարցին՝ արդյոք Հայաստանի հետ մտերմանալու Իսրայելի փորձերը հենց Իրանին մեկուսացնելու քաղաքականության կոնտեքստում չե՞ն, Իսրայելը չի՞ փորձի օգտագործել Հայաստանին, արաբագետն այսպես պատասխանեց.
«Իրենք գիտակցում են, թե ինչ կարևոր են Հայաստանի համար Իրանի հետ հարաբերությունները։ Մենք շրջափակման մեջ ենք Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, և Իրանի հետ հարաբերությունները մեզ համար կենսական նշանակություն ունեն։ Անշուշտ, Իսրայելն իր հերթին՝ պետք է փորձի ամեն ինչ անել Իրանին մեկուսացնելու համար։ Նրանք մեր տարածաշրջանում դա անում են՝ փայլուն ձևով համագործակցելով Ադրբեջանի հետ։ Նաև Սաուդյան Արաբիա-Ադրբեջան հարաբերություններն են լավ զարգանում։ Նպատակն է՝ շիայական Ադրբեջանին նույնպես հետ պահել Իրանի հետ ամեն տեսակի համագործակցության ամրապնդումից, և, բնականաբար, իրենք պետք է փորձեն ինչ-որ իմաստով Հայաստանում նույնպես քարոզել հակաիրանական տրամադրություններ։ Ամեն պետություն ունի իր շահերը, նույնն անում է նաև Իրանը»։
Արաբագետը նկատեց՝ Իրանից արդեն ասվում է Հայաստանին, որ Իսրայելի հետ ավելի զգույշ պետք է լինել։
«Բնականաբար, Իսրայելը կփորձի Հայաստանում նույնպես քարոզել հակաիրանական տրամադրություններ». Արաքս Փաշայան