Բաժիններ՝

Շարմազանովը և ուսանողները պայմանավորվեցին. Դասադուլն ու հացադուլը կդադարեցվեն

Քիչ առաջ խորհրդարանում ավարտվեց ԱԺ փոխնագահ Էդուարդ Շարմազանովի և ԱԺ շենքի մոտ իրականացվող բողոքի ակցիայի 5 հոգանոց պատվիրակների հանդիպումը:

Ուսանողներից Դավիթ Պետրոսյանը, որ նաև հացադուլ իրականացնողների շարքում էր, լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իր հոգեբանական ուրախությունը հաղթում է ֆիզիկական հոգնածությանը:

Է.Շարմազանովը տեղեկացրեց, որ հանդիպման ընթացքում խոսել են 3 կարևոր հարցի մասին, տղաներն առաջարկել են կլոր սեղան կազմակերպել և ԱԺ-ն պատրաստ է դրան. կլոր սեղանը տեղի կունենա նոյեմբերի 22-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում:

Ըստ Է.Շարմազանովի` կքննարկվեն տարկետման, ուսանողության, կրթության խնդիրները:

«Մենք այսօր ևս մեկ անգամ ցույց ենք տալիս, որ պատրաստ ենք լսել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու և մեր ուսանողների ձայնը լսել,- ասաց Է.Շարմազանովը` հավելելով, որ ուսանողներին խնդրել են դասադուլն ու հացադուլը դադարեցնել, քանի որ մտնում են կառուցողական փուլ,- Հաացադուլն ինքնանպատակ չէ, դրա նպատակը իրենց ձայնը իշխանության մոտ լսելի դարձնելն էր: Ամսի 22-ին լինելու են գլոբալ քննարկումներ կրթության և տարկետման մասին: Ինչպես ասում են` «в споре рождается истина»:

Դ.Պետրոսյանի խոսքով` այս պահի դրությամբ սա հնարավոր տարբերակներից լավագույն լուծումն է.

«Հացադուլը և դասադուլը միջոց էր մեր ձայնը լսելի դարձնելու: Այս պահին կդադարեցնենք, թե ինչ կլինի հետո, կերևա կլոր սեղանից հետո: Լինելու է ուղիղ եթեր, այն մարդիկ, ովքեր ցանկանում են մասնակցել, կմասնակցեն: Հանդիպելու են գիտնականներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին»:

Դ.Պետրոսյանը նշեց, որ իրենց ասվել է, որ եթե ապացուցեն իրենց իրավացիությունը, օրենքը կփոխվի:

Հարցին` վարչապետի հետ հանդիպման ժամանակ չհաջողվեց, հիմա կհաջողվի՞, Դ.Պետրոսյանը պատասխանեց, որ խնդիրը ձևաչափի մեջ էր, այստեղ կոնկրետ քննակվել է ձևաչափը, կլոր սեղանը լավ հնարավորություն է, և այս որոշումը կայացվել է ընդհանուր:

Նշենք նաև, որ հանդիպմանը ներկա էր նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս