«Ուսանողական խորհուրդները գործիք են իշխանությունների համար». Սամվել Խուդոյան
Հոգեբան Սամվել Խուդոյանի կարծիքով՝ ուսանողական խորհուրդները շատ բացասական երևույթ են։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հոգեբանն ասաց, որ ուսանողական խորհուրդները կուսակցականացված են. «Նրանք չեն պաշտպանում ուսանողների շահերը, այլ պաշտպանում են իրենց կուսակցությունների և իշխանությունների շահերը։ Իրենց կուսակցություններին ուսանողներ են անդամագրում, եթե դու այսինչ կուսակցության անդամ ես, առավելություններ ունես, ուսանողներին տանում են նախընտրական քարոզարշավների, և այլն»։
Սամվել Խուդոյանի խոսքով՝ ուսանողական խորհուրդները գործիք են իշխանությունների համար, նրանք խեղդում են ուսանողական շարժումները. «Ուսանողական շարժումը երբ սկսվում է, ուսխորհուրդները սկսում են աշխատել դրանց դեմ՝ հօգուտ իշխանության, ռեկտորատի։ Հիմա էլ է նույն բանը։ Ասում են՝ տարկետման իրավունքի վերացման դեմ քիչ ուսանողներ են պայքարում. քիչ են, որովհետև վախեցնում են։ Այսինքն՝ տիպիկ սաքուլիկական ոճն է նրանց մոտ. մոտենում և ուսանողներին սպառնում են, որ հանկարծ չմիանան շարժմանը»։
Հոգեբանն ընդգծեց՝ ուսանողական խորհուրդների միջոցով իշխանությունները վերարտադրում են իրենց նմաններին. «Նրանց սկզբունքն է՝ խաբիր, կեղծիր, անազնիվ վարվիր, քծնիր, քեզ պաշտոն կտանք, ու կթալանես։ Այդ մարդիկ այդ տրամաբանությամբ են գնում և հասնում են իշխանության, պաշտոնների։ Մանր անձնական շահեր էլ կան՝ արտասահման են ուղարկում, «լավագույն ուսանողի» կոչում են տալիս։ Նախանցած տարի մեկն էր դարձել հանրապետության լավագույն ուսանող, որն անգամ դասի էլ չէր նստել։ Վալիդոլով էինք նայում այդ հաղորդումը, որտեղ ասվում էր, որ այդ մարդը լավագույն ուսանող է դարձել»։
Հոգեբանն ուսանողական խորհուրդները համարում է կործանարար. «Նախարարն էլ է խոսում այդ մասին»։
Ասուլիսի մյուս բանախոսը՝ կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը, ի պատասխան հոգեբանի վերջին ասածի՝ նշեց, որ այդ մասին խոսելու փոխարեն՝ ԿԳ նախարարը թող ցած դնի իր կուսակցական տոմսը. «Չնայած, որ ընդհանրապես հրաժարական տա, շատ ավելի լավ կլինի»։