Արամ Սարգսյանը հիշեցրեց, որ Հայաստանի երեք նախագահներն էլ Ադրբեջանի նախագահի հետ Երասխի գործարանում հանդիպում են ունեցել

«Սահմանապահ համյանքներում սպառման ծավալներն էական չեն մեծացել, բայց դա օրենքից չէ, այլ եկամուտների աճի քիչ դինամիկայից կամ ոչ սպասելի ծավալից»,- այսօր Ազգային ժողովում «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ սպառման ծավալները չեն մեծացել ոչ միայն այն պատճառով, որ եկամուտները չեն աճել, այլ նաև արտագաղթն է հասնում խայտառակ չափերի. «Սահմանապահ և սահմանամերձ գյուղերում, ցավոք սրտի, գրեթե մարդ չի մնացել: Չե՞ք կարծում՝ կարիք կա վերանայելու սահմանապահի կարգավիճակ ստացած համայնքների ցանկը»:

Ն. Զոհրաբյանն առաջարկեց Արդանիշ, Թթու ջուր, Ջիլ համայնքները նույնպես մտցնել սահմանապահի կարգավիճակ ունեցող համայնքների ցանկում:

Ի պատասխան՝ փոխնախարարն ասաց. «Սահմանամերձ բնակավայրերն ընտրված են ոչ թե սահմանից ունեցած հեռավորությունից, այլ ուրիշ փաստարկով, թե արդյոք դրանք գնդակոծվե՞լ են վերջին տարիների ընթացքում: Մենք երբեք ձեզ չենք ասել, որ այդ համայնքները սահմանին մոտ չեն»:

Կարդացեք նաև

«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն էլ ողջունեց օրենքի նախագիծը, բայց նաև կարևորեց սահմանապահ համայնքների բնակիչների զբաղվածության խնդիրը. «Պետությունն այս ուղղությամբ ի՞նչ քայլեր է անում: Այս առումով կուզեի մի վատ օրինակ բերել, դա Երասխի գինու գործարանն է: Պետք է հիշեցնեմ, որ Հայաստանի երեք նախագահներն էլ Ադրբեջանի նախագահի հետ այդ գործարանում հանդիպում են ունեցել, որ սահմանը վերջանում է այդ պարիսպներով, այդ գործարանին ոչ միայն պետությունը չի օժանդակում, այլև վարկ է տալիս ամենաբարձր տոկոսներով, ասում են՝ քո տարածքը ռիսկային է»:

Փոխնախարարն այսպես պատասխանեց Ա. Սարգսյանի բարձրացրած խնդրին. «Շատ կարևոր ու թիրախային հարց եք բարձրացնում Երասխի գործարանի հետ կապված, բայց այդ հարցի քննարկումն այս հարցի շրջանակում չէ, դա այլ տրամաբանության մեջ կարելի է դիտարկել»:

Տեսանյութեր

Լրահոս