
«Չի կարող պատահել, որ երիտասարդ մարդիկ սխալ մոտեցում ձևավորեն». Վարդան Բոստանջյան

«Չի կարող պատահել, որ երիտասարդ մարդիկ սխալ մոտեցում ձևավորեն: Եթե որոշ կարծիքներ ծայրահեղ բնույթ են կրում, դա ոչինչ չի նշանակում, կարևորը, որ հարցը բարձրացնում են: Այդ պարագայում դա պահանջում է համակողմանի ուսումնասիրություն և լուծումներ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը՝ մեկնաբանելով տարկետման իրավունքը սահմանափակելու դեմ 5 ուսանողների հացադուլ հայտարարելու փաստը:
Նա համոզված է, որ հարցը լուծում կգտնի, և դրա ապացույցն ամենատարբեր մակարդակներում ուսանողների հետ հանդիպումներն են:
«Սա բարդ խնդիր է երկրի համար, մի կողմից հարցը վերաբերում է անվտանգությանը, որի համար բոլորս պատրաստ ենք, բայց միաժամանակ երիտասարդներն էլ են ճիշտ: Այս բարդ խնդրի լուծումը պահանջում է նոր իմաստավորում»,- ասաց Բոստանջյանը:
Դիտարկմանը, որ իշխանությունը պատրաստ չէ զիջումների, Վ.Բոստանյանը հարցով պատասխանեց. «Ի՞նչ իմացաք, որ մտադիր չեն զիջել: Եթե դա այդպես էլ լինի, ամեն ինչ ունի իր ինկուբացիան, այն ժամանակահատվածը, որ նույն իշխանությունները կգան եզրակացության, որ այդ հարցը չլուծելը չի կարելի»:
Անդրադառնալով օրենքում «բացառիկ տաղանդավոր» ձևակերպմանը, որ միայն բացառիկները կկարողանան տարկետում ստանալ, պատգամավորը նշեց, որ դա չափազանց բարդ է, թե ովքեր կարող են հանգրվանել այդ ձևակերպման մեջ: