«Չենք կարող ասել, որ վերացվել է այս իրավունքը». Կորյուն Նահապետյանը՝ ուսումնառության նպատակով տարկետման իրավունքի վերացման մասին
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստին երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքի նախագիծը:
ՀՀ ԱԺ Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հայտարարեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում որևէ առաջարկություն չի ներկայացվել խմբակցությունների կողմից, ու դրա համար որևէ քննարկում չի կարող լինել:
«Անհրաժեշտ կլիներ, որ, եթե խմբակցություններն ունեին նախնական դիրքորոշումներ, ներկայացնեին դրանք, և հանձնաժողովը հնարավորություն ունենար քննարկել, բայց մենք որևէ առաջարկ խմբակցություններից չենք ստացել»,- նշեց Կ. Նահապետյանը:
Նա նաև անդրադարձավ այն հիմնական հարցադրմանը, որ նախագծի առաջին ընթերցումից հետո ծավալվեց՝ կապված ուսումնառության նպատակով տարկետման իրավունքի վերացման հետ.
«Չենք կարող ասել, որ վերացվել է այս իրավունքը, որովհետև առավել հստակեցվել են չափորոշիչները, թե որ դեպքերում ուսումնառությունը շարունակելու նպատակով տրվում է տարկետում:
Այն հիմնական մտահոգությունը, որ զինվորական ծառայության կապակցությամբ այս նոր օրենսդրական կարգավորումները խաթարելու են կրթության և գիտության զարգացմանը, դրանք հիմնավոր չեն: Չպետք է հակադրություն դնենք Զինված ուժերի արդյունավետ համալրման և կրթության և գիտության զարգացման հարցերում: Մենք որևէ մտահոգություն այս հարցում չենք տեսնում»: