Բաժիններ՝

Էներգետիկա, գյուղատնտեսություն, հյուրանոցային բիզնես. ԱՄԷ-ն հետաքրքրված է Հայաստանում ներդրումներ կատարելու հարցում

Հայաստանը այս տարվա 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ ունի արտահանման 85 տոկոս աճ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, ով ներկայացրեց արաբական երկրների հետ համագործակցության միտումները:

– Պարոն Ազիզյան, արաբական երկրների հետ համագործակցությունն ակտիվացնելու համար վերջին շրջանում մեր պետության կողմից ակտիվ քաղաքականություն է նկատվում: Բարձր մակարդակի այցելություններ եղան Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատար: Ներկա փուլում ի՞նչ արդյունքների մասին կարող ենք խոսել:

– Նախ ուզում եմ նշել, թե արաբական շուկայում մեզ համար ինչն է կարևոր: Եթե մենք դիտարկում ենք գլոբալ միտումները, ընդհանրապես տնտեսական վայրիվերումները, ապա տեսնում ենք, որ արաբական աշխարհը բավական կայուն է եկամուտների տեսանկյունից: Արաբական Միացյալ Էմիրությունները բավական հետաքրքիր երկիր է: Այն դիտարկվում է որպես հարթակ դեպի այլ երկրներ մուտք գործելու համար: Այսինքն՝ ինքը լոգիստիկ մեծ հնարավորություններ, զարգացման պայմաններ ունեցող պետություն է: Բացի Էմիրություններից, մեզ համար կարևոր է Իրաքը, որը զարգացման, արտահանման լուրջ հնարավորություն ունի: Մեզ համար հետաքրքիր են Լիբանանը, Սիրիան, Կատարը: Մեր հիմնական նպատակներից մեկը շուկաների դիվերսիֆիկացումն է: Նպատակ ունենք թիրախավորել շուկաներ, որ կարողանանք և՛ արտահանել ապրանքներ, և՛ շուկաներից ներդրումներ բերել: Այսօր կան շուկաներ, որոնք տարբեր երկրներում իրականացնում են ներդրումներ: Նրանց համար բավական հետաքրքիր է եվրասիական տարածաշրջանը: Պետք է ակտիվացնել մեր աշխատանքը, որ այդ շուկաները Հայաստանը դիտարկեն որպես ներդրումային երկիր:

– Արաբական Միացյալ Էմիրությունների հետ արտահանման ներմուծման ի՞նչ ծավալների մասին կարող ենք խոսել: Ի՞նչ ցուցանիշեր կներկայացնեք:

– Այս տարվա 9 ամսվա տվյալներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մենք դեպի ԱՄԷ ունենք արտահանման 85 տոկոս աճ: Նշեմ, որ մեր արտահանման դինամիկ զարգացումը գրանցվեց նախորդ տարվա երկրորդ կեսից: Ես դա կապում եմ քաղաքական, գործադիր մակարդակով երկկողմ այցելությունների, տարվա սկզբին ներդրումային ֆորում իրականացնելու հետ: Կարծում եմ, որ այս բոլորը բավական ազդեցություն ունեցան:Մի կարևոր գործոն ևս, Էմիրությունների հետ մշտապես ունեցել ենք առևտրի բացասական բալանս, սակայն այսօր տեսնում ենք, որ մոտեցրել ենք ցուցանիշները: Ներմուծումը կազմում է 70 մլն դոլար, իսկ արտահանման ցուցանիշը՝ 68 մլն դոլար: Այսինքն՝ որքան ներմուծում ենք, գրեթե այդքան էլ արտահանում ենք: Ես ասեմ, որ արտահանման մեծ պոտենցիալ ունենք գյուղատնտեսության ոլորտում: Ընթացիկ տարվա 9 ամիսներին գյուղատնտեսական արտադրանքի արտահանման 6-7 անգամ աճ է գրանցվել: Ներուժ տեսնում ենք մսի արտահանման ուղղությամբ: Ասեմ, որ հիմնականում դեպի Էմիրություններ արտահանում ենք ծխախոտ, ոսկերչական իրեր, մշակված ադամանդներ: Այս փուլում տեսնում ենք 4 հիմնական ուղղություն, որոնցում կարող ենք զարգացում ապահովել:

– Ներդրումային ֆորումից խոսեցիք, այդ տեսանկյունից տեղաշարժ կա՞: Ժամանակին խոսվում էր, որ Էմիրությունների բիզնեսը հետաքրքրված է էներգետիկ, հյուրանոցային ոլորտում ներդրումներ կատարելու հարցում:

– Իհարկե, վերականգնվող էներգետիկան այն հիմնական ուղղություններից մեկն է, որ հետաքրքրում է Էմիրությունների բիզնեսին: Կնքվել է համապատասխան հուշագիր քամու էներգիայի ոլորտում: Ներկայում կատարվում են համապատասխան ուսումնասիրություններ: Հույս ունենք, որ այստեղ ներդրումների հոսք կլինի: Մյուս ուղղությունը գյուղատնտեսությունն է: Արդեն երկու ընկերություններ ինտենսիվ սկսել են այստեղ այգիներ հիմնել: Նաև ունենք համատեղ ընկերություններ, որոնք զբաղվում են և՛ գյուղմթերքի մշակմամբ, և՛ արտահանմամբ: Ներդրումային հաջորդ ուղղություններից մեկը հյուրանոցային բիզնեսն է: Առաջարկում ենք, որ ներդրողներն այստեղ հյուրանոցային ծառայություններ ստեղծեն իրենց իսկ զբոսաշրջիկների համար: Այդ ուղղությամբ ներկայացվել են մի քանի առաջարկներ, այժմ դրանք քննարկվում են: Մեր կարծիքով՝ հետարքրքություն կարող է լինել Ջերմուկի մասով: Հնարավորություն կա այդտեղ օդանավակայան հիմնելու, Էմիրություններից Հայաստան չվերթներ իրականացնելու համար: Մյուս ծրագիրը հանքային ջրի արտահանումն է:

– Անդրադարձաք զբոսաշրջության ոլորտին, ի՞նչ հեռանկարներ կան այս ուղղությամբ:

– Այստեղ մենք սկսել ենք ակտիվ աշխատել, Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները ներկայացնել էմիրությունների շուկային: Առաջիկայում Էմիրություններում սպասվում են միջոցառումներ, որոնց շրջանակում մենք ևս կներկայացնենք մեր զբոսաշրջային հնարավորությունները:Նախատեսված է աշխատանք տեղի տուրօպերատորների հետ: Այդ հարցում արդեն կա պայմանավորվածություն համապատասխան կառույցի հետ: Ասեմ, որ իրենց Հայաստանում առաջին հերթին հետաքրքրում է բնությունը: Գալիս են մի երկիր, որն ունի բավական գեղեցիկ բնություն տարվա բոլոր եղանակներին համահունչ: Այժմ մշակում ենք տուրփաթեթներ մոտ ապագայում ներկայացնելու համար: Շեշտը կդրվի նաև ձմեռային, խոհանոցային տուրիզմի վրա: Կարծում եմ, որ առաջիկայում բարձր մակարդակի այցելությունները կշարունակվեն, քաղաքական մակարդակով մշտական այցելությունները լրացուցիչ խթան են բիզնեսի համար:

Հարցազրույցը՝ Աննա Գզիրյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս