
Էրդողանը Պուտինին հրավիրել է «Աքքույու» ԱԷԿ-ի հիմքում առաջին բետոնի լցման արարողությանը

ՌԴ-ն պլանավորումէ «Աքքույու» ատոմակայանի առաջին ռեակտորը գործարկել 2023 թվականին: Այդ մասին, ինչպես հայտնել է ՏԱՍՍ-ը, ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։
«Մոտ ժամանակներս «Ռոսատոմ»-ը կսկսի նախագծի իրագործման գործնական փուլը: Մեր պլաններով՝ առաջին ռեակտորը կգործարկվի արդեն 2023 թվականին»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը: Նրա խոսքով՝ «նախարարների եւ առաջատար ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ» բանակցությունների ընթացքում «առարկայորեն քննարկվել են էներգետիկայի ոլորտում ռազմավարական փոխգործակցության հանգուցային ասպեկտները»:
Նա ճշտել է, որ դա վերաբերում է «Թուրքական հոսքին» եւ «Աքքույու» ատոմակայանի կառուցմանը: Էրդողանը Պուտինին հրավիրել է «Աքքույու» ատոմակայանի հիմքում առաջին բետոնի լցման արարողությանը՝ հայտնելով, որ այն կկայանա «առաջիկա շաբաթներին»: Թուրքիայի ղեկավարն ընդգծել է, որ երկրները մեծ նշանակություն են տալիս նախագծերը ժամանակին ավարտելուն: