Նախագահականի կադրերը կտեղավորվեն ԱԺ-ում. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի աշխատակիցների մեջ ատեստավորման գործընթաց է սկսվել: Մեր տեղեկություններով, ատեստավորման պրոցեսը այնքան էլ դյուրին չէ ԱԺ-ի հնաբնակների համար, քանի որ մեծ է վտանգը, որ այդ գործընթացից հետո շատերը կկորցնեն իրենց աշխատանքը: Վերջիններիս կփոխարինեն նախագահականից կրճատվողները: Մեր աղբյուրի փոխանցմամմբ, այդ ամենը կոորդինացնում է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը:
Բացի դա այժմ ԱԺ-ի մի շարք աշխատակիցների հետ խզվում են աշխատանքային պայմանագրերը՝ եկող տարի նորը կնքելու նպատակով: Այդ դեպքում էլ ԱԺ-ի ուռճացված աշխատակազմից բազմաթիվ մարդիկ կազատվեն աշխատանքից եւ հենց այն մարդիկ, որոնք պարզապես գրանցված են ԱԺ-ում եւ աշխատանքի գրեթե չեն ժամանում:
Այս տեղեկությունները ստուգելու համար armtimes.com-ը զրուցեց ԱԺ աշխատակազմի Հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանի հետ: «Օրենքով 3 տարի եւ ավելի աշխատած պետական ծառայողները պարտադիր պետք է անցնեն ատեստացիա: Սա օրենքի պարտադիր պահանջ է: Մնացած խոսակցությունները, ասեկոսեները մեկնաբանելու անհրաժեշտություն չկա»,- ասաց Արսեն Բաբայանը: Ճշգրտմանը, թե ատեստացիան ԱԺ-ի բոլոր աշխատակիցների՞ն է վերաբերվում, Արսեն Բաբայանը պատասխանեց. «Յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ բոլոր պետական ծառայողները պետք է անցնեն ատեստացիա»:
Անդրադառնալով մեր այն տեղեկությանը, որ 2018 թվականի հունվարի 1-ից պետք է խզվեն աշխատակցիների հետ կնքված պայմանագրերը, ԱԺ Հանրային կապերի վարչության պետն ասաց, որ պետական ծառայողները պայմանագրային աշխատակիցներ չեն, այլ՝ օրենքի ուժով աշխատողներ են: «Եթե նկատի ունեք տեխնիկական աշխատողներին, կարող է իրենց վերաբերել: Պետական ծառայողների հետ պայմանագրեր կնքելու անհրաժեշտություն չկա, բայց բոլոր այն պայմանագրերում, որոնցում անհրաժեշտություն կա կատարել փոփոխություն, դրանք պետք է կատարվեն: Այսինքն, կան որոշակի աշխատողներ, որոնց հետ պայմանագրերի վերակնքում է նախատեսվում, հաշվի առնելով օրենքով սահմանված որոշակի փոփոխությունները»,- ասաց մեր զրուցակիցը»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։