Բաժիններ՝

«Տաշիր»-ն ու Հայաստանի ներդրողների ակումբը 1 մլրդ դոլար կուղղեն էներգետիկայի ոլորտ. մեկնարկը տրված է

«Տաշիր» ընկերությունների խումբը Հայաստանի ներդրողների ակումբի և միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ պատրաստվում է առաջիկա տարիներին ավելի քան 1 միլիարդ դոլարի ներդրում կատարել Հայաստանի էներգետիկ ոլորտում: Այս մասին հայտարարեց «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Կարեն Դարբինյանը ընկերությունների խմբի կատարած աշխատանքների ու առաջիկա ծրագրերի ազդարարմանն ուղղված հանդիսավոր միջոցառման ժամանակ: «Ներդրումների ծրագիրը ներառում է երկու ուղղություն` բաշխիչ ցանցեր ու էներգիայի արտադրության ոլորտ»,-ասաց Կարեն Դարբինյանը:

Նրա խոսքով` հիդրոէներգետիկայի ոլորտում կարևորագույն ներդրումը «Շնող» ՀԷԿ-ի կառուցումն է, նախագծի ընդհանուր արժեքը կկազմի մոտ 200 միլիոն դոլար:  «Առաջիկա տարիներին շուրջ 900 միլիոն դոլար էլ կուղղվի «Հայաստանի բաշխիչ ցանցերում» էլեկտրաէներգետիկական ենթակառուցվածքների վերակառուցմանն ու էլեկտրաէներգիայի հաշվառման սարքերի ներդրմանը»,-նշեց Կարեն Դարբինյանը:

Նա նկատեց, որ չնայած «Հայաստանի բաշխիչ ցանցեր» ՓԲԸ-ի գրանցած ֆինանսատնտեսական էական հաջողություններին` ընկերության հիմնական միջոցները 85 և ավելի տոկոսով մաշվածություն ունեն և արդիականացման անհրաժեշտություն կա: Կարեն Դարբինյանի խոսքով` կատարվելիք աշխատանքներից հետո ցանցերը կհամապատասխանեն միջազգային բարձր չափանիշներին:

«Տաշիր» ընկերությունների խումբը հիմնադրվել է 1990-ական թվականներին և ներդրումային ծրագրեր է իրականացնում շինարարության, էներգետիկայի և անշարժ գույքի ոլորտներում: Աշխատակիցների ընդհանուր թվաքանակը կազմում է շուրջ 45 հազար մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս