Հանքարդյունաբերողները վերականգնում են դիրքերը
Հայաստանի հանքարդյունաբերական խոշոր ընկերությունները այս տարի զգալիորեն ավելացրել են իրենց կողմից պետբյուջե վճարվող հարկերն ու տուրքերը։
ՊԵԿ-ի կողմից հրապարակված 2017 թվականի հունվար-սեպտեմբերի խոշոր հարկատուների ցանկի առաջին 100-յակում տեղ են գտել 5 հանքարդյունաբերական ընկերություններ, որոնցից 3-ը՝ առաջին տասնյակում։
Հանքարդյունաբերական ընկերությունների շարքում խոշորագույն հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է։ Այս ընկերությունը նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ 2,5 անգամ ավելացրել է հարկերի ծավալը և 13,14 մլրդ դրամով զբաղեցրել խոշոր հարկատուների ցանկի 5-րդ հորիզոնականը։
6-րդ տեղում Գեոպրոմայնինգ Գոլդն է։ Այս ընկերությունը տարվա առաջին ամիսներին վճարել է 10,22 մլրդ դրամի հարկեր, որը 36,6%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Թեղուտը այս հինգից միակն է, որը նվազեցրել է հարկերը, սակայն պահպանել է տեղը խոշոր հարկատուների առաջին տասնյակում։ Ընկերությունը վճարել է 9,14 մլրդ դրամի հարկեր և զբաղեցրել 8-րդ տեղը։
Կապանի լեռնահարստացման կոմբինատը 2,6 անգամ է ավելացրել հարկերը և 4,65 մլրդ դրամով զբաղեցրել 17-րդ տեղը (2016 թվականի սեպտեմբերին՝ 30-րդն էր)։
Սակայն անվիճելի «չեմպիոնը» Լիդիան Արմենիա ընկերությունն է։ Այն 12,5 անգամ ավելացրել է հարկերը՝ 321 մլն դրամից հասցնելով ավելի քան 4 մլրդ դրամի։ Արդյունքում՝ Լիդիան Արմենիան նախորդ տարվա 277-րդ տեղից առաջադիմել է մինչև 19-րդ տեղը։
Նշենք, որ ի տարբերություն վերը նշված չորսի՝ Լիդիանը գործող հանք չէ, դեռևս չի սկսել Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը և առայժմ շինարարություն է իրականացնում։