Երբ կնվազեն սրտի վիրահատության գները
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ վերաբաշխում կատարվեց 2017թ. բյուջեում, ինչպես նաև՝ փոփոխություն 2016թ. դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ։
Որոշման նախագիծը կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ ասելով. «Նախագծի նպատակն է՝ սրտի վիրահատությունների առկա դեֆիցիտի փոխհատուցումը, ընդհանուր՝194 միլիոն 477 հազար դրամի չափով, որի շրջանակերում կիրականացվի սրտի 220 հավելյալ վիրահատություն։ Նշված վերաբաշխումն արդյունք է 2017թ. իրականացված օպտիմիզացման ծրագրերի, որի շրջանակներում կասեցվել են մի շարք բյուջետային անարդյունավետ ծրագրեր»:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց՝ արդյոք ճի՞շտ է հասկանում, որ նաև սրտի վիրահատությունների գների իջեցման խնդիր ունենք։ Լևոն Ալթունյանը դրական պատասխան տվեց՝ հավելելով, որ աշխատանքները շարունակվում են։ «Ես կարծում եմ՝ դեկտեմբերի սկզբներին մենք գնային նոր բանաձև կառաջարկենք և հունվարից կսկսենք աշխատել նոր բանաձևով»,- ասաց նա։