«Կան դրվագներ, որտեղ իրադարձությունները աբսուրդի են հասցված…». Մհեր Մկրտչյան
Կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Մհեր Մկրտչյանը հաջորդ տարի արվեստասերների դատին կհանձնի իր նոր ֆիլմը: Կատակերգությունը կոչվում է «Լյուդվիգ անունով ոզնին»: Ժապավենում ներգրավվել են ինչպես ռեժիսորի նախորդ ֆիլմերից մեզ հայտնի դերասաններ, այնպես էլ` նոր դեմքեր: Կինոնկարի և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Մհեր Մկրտչյանի հետ:
– Ի՞նչ սյուժե է ընկած ֆիլմի հիմքում, կա՞ն կոնկրետ խնդիրներ, որոնք արծարծվում են նոր ժապավենում:
-Չեմ սիրում կանխավ խոսել կինոնկարի մասին, որը դեռ էկրան չի բարձրացել. կորչում է հետաքրքրությունը: Սակայն կնշեմ, որ այս ֆիլմի հիմքում ընկած է ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթը: Միախառնված են տարբեր ժանրերը: Այն ռոմանտիկ է, կատակերգական, միևնույն ժամանակ դրամատիկ, անգամ հուզիչ: Կան դրվագներ, որտեղ իրադարձությունները աբսուրդի են հասցված: Աշխատում ենք անել հնարավոր ամեն բան, որ այն լինի հետաքրքիր, դինամիկ, թեթև բայցև հուզիչ:
-Հարցազրույցներից մեկում նշել եք, որ առաջին անգամ եք տարբեր ժանրերը մեկ ֆիլմում համատեղում: Նկարահանման ընթացքում բացահայտումներ անու՞մ եք:
–Երբ ռեժիսորը գալիս է նկարահանման հրապարակ, նա հստակ գիտի, թե ինչ է պետք անել, ինչ խնդիր կա իր առջև դրված: Ինձ համար չափազանց հետաքրքիր են դերասանները, որոնց հետ համագործակցում եմ: Նրանք չունեն սահմաններ, ճկուն են ու պրոֆեսիոնալ: Երբեմն հստակ չեմ կարող ասել, թե ինչ արդյունք կարելի է ստանալ նրանց հետ:
–Ձեր նախորդ կինոնկարներում `«Կյանք ու կռիվ», «Կյանք ու կռիվ 2», շատերիս համար նոր դերասանների բացահայտեցիք` Արծրուն Չոբանյան, Սամվել Թադևոսյան, Անի Ղազարյան և այլք: Նրանցից մի քանիսը ներգրավված են այս ժապավենում: Ինչպե՞ս եք ընտրում դերասանական կազմը: Սցենարը մշակելիս ի սկզբանե պատկերացնու՞մ եք, թե ով է կարող մարմնավորել այս կամ այն կերպարը:
– Ընտրությունը մեկն է: Խաղում է այն դերասանը, ով տաղանդավոր է, կարող ուժ է: Այս ֆիլմում համագործակցում եմ նաև Ժան Նշանյանի, Գեորգի Հովակիմյանի, Անի Ամիրյանի, Գուրգեն Սարգսյանի, Քրիստինա Հովակիմյանի, Անի Խաչիկյանի և այլ դերասանների հետ: Պետք է փաստեմ, որ «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմի դերակատարները չեն կրկնում իրենց: Նախորդ կինոնկարներում այլ էին, այստեղ` բոլորովին ուրիշ: Եթե Սամվել Թոփալյանը, ով այս ֆիլմում մարմնավորում է գլխավոր հերոսին, կրկնի իրեն, ուրեմն ռեժիսորը վատ է աշխատել, եթե զարմացնի, նոր շունչ բերի, ապա հաջողել է և՛ նա, և՛ ռեժիսորը: Այս կինոնկարը դեբյուտ է երիտասարդ դերասանուհի Մարինա Մնացականյանի համար: Նա Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի երրորդ կուրսի ուսանողուհի է, որին վստահել եմ ու գլխավոր կերպարներից մեկին մարմնավորելու հնարավորություն ընձեռել:
Նշեմ, որ իմ մասնագիտական պրակտիկայում եղել է դեպք, որ սցենարը գրել եմ կոնկրետ դերասանի համար: Դա Սերգեյ Շակուրովն էր: Եթե նա չհամաձայներ նկարահանվել ֆիլմում, ես այն չէի կարողանա էկրանավորել, քանի որ այլ դերասան չէր կարողանա խաղալ Շակուրովի համար նախատեսված դերը:
-Մի առիթով հայտնի կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոն նշել է, որ մեծ գաղափարները կարող են փչացնել կինոն: Դուք այս մասին ի՞նչ կասեք:
-Ինձ համար միշտ առաջին տեղում մարդն է, նրա հույզերը, ապրումները: Անդրադառնում եմ թեմաների, որոնք ինձ հուզում են, անհանգստացնում: Շոշափում եմ խնդիրներ, որոնց մասին ցանկանում եմ խոսել, բարձրաձայնել: «Կյանք ու կռիվ»-ը նկարելիս ինձ համար էական էր մարդկային ճակատագիրը, կենսագրությունը: Բայց ամեն մարդ մի կերպ է մեկնաբանում ֆիլմը, տարբեր գաղափարներ տեսնում դրա հիմքում:
-Ասում են` կինոն գեղանկարչություն է, որը հնչում է երաժշտության պես: Իսկ ձեզ համար ի՞նչ է կինոն:
-Կինոն կյանքն է, գոյությունը:
Հարցազրույցը` Անժելա Համբարձումյանի