Կոկորդում գնդիկի առկայության զգացում. 4 տարածված պատճառ
Այս տհաճ զգացումը շատերին է ծանոթ։ Jv.ru-ն գրում է, որ այս զգացողությունը վկայում է այն մասին, որ ֆիզիկական կամ հոգեկան առողջության հետ ինչ-որ բան այն չէ։ Կոկորդի հատվածում անհարմարության զգացումը կարող է պայմանավորված լինել մի քանի գործոններով։
Նյարդային գերծանրաբեռնվածություն։ Սա կոկորդի հատվածում անհարմարության ամենատարածված պատճառն է, որի մեղավորները սթրեսը, նևրոզն ու դեպրեսիան են։ Հոգեբանական ուժեղ ծանրաբեռնվածության հետևանքով լարվում են մկանները, հատկապես՝ ուսի և իրանի հատվածում գտնվող մկանները։ Եթե երկար ժամանակ հոգեկան ծանր վիճակում եք, լարվածությունը դառնում է մշտական, սովորական երևույթ։ Կարծեք դադարում եք նկատել, թե որքան լարված է մարմինը։ Ապա առաջանում է ուժեղ ճնշում իրանի հատվածում. այն, ինչ հիվանդները հաճախ անվանում են գնդիկի զգացողություն կոկորդում։ Ուղեղն ազդանշաններ է ստանում օրգաններից, որոնք քրոնիկական ճնշման են ենթարկվում մկանների գերծանրաբեռնվածության հետևանքով։
Ողնաշարի հետ կապված խնդիրներ։ Կոկորդում գնդիկի առկայության զգացումը կարող է կապված լինել ողնաշարի վիճակի հետ։ Տարիքի հետ միջողնաշարային սկավառակների ամրությունն ու էլաստիկությունը նվազում է։ Այդ պատճառով այս հատվածում գտնվող մկանների աշխատանքը դժվարանում է։ Դրանք գերլարվում են, ինչի արդյունքում կոկորդում գնդիկի զգացում է առաջանում։ Այս դեպքում կարող են նկատվել նաև ցավ իրանում, մեջքի հատվածում, գլխացավ։
Նյութափոխանակության համակարգի հետ կապված խնդիրներ։ Աղեստամոքսային տրակտի հիվանդությունները ևս կարող են կոկորդում գնդիկի առկայության զգացում առաջացնել։ Եթե խնդիրը կապված է նյութափոխանակության համակարգի հետ, կոկորդում գնդիկի առկայության զգացողությունից բացի՝ հիվանդները գանգատվում են նաև որովայնի հատվածում անհարմարությունից, բերանում թթվային զգացողությունից, այրոցից։
Վահանաձև գեղձի հիվանդություններ։ Կոկորդում գնդիկի զգացողության առկայությունը էնդոկրինոլոգի դիմելու լուրջ պատճառ է։ Այս գեղձի որոշ հիվանդություններ հանգեցնում են դրա չափի, կառուցվածքի փոփոխության, ինչի արդյունքում անհարմարության զգացում է առաջանում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը