
ՄԱԿ-ի հանձնախումբը Սիրիայի իշխանություններին է պատասխանատու համարել Խան Շեյխունում զարինով գրոհի համար

Սիրիայի իշխանություններն են պատասխանատվություն կրում 2017 թվականի ապրիլի 4-ին Խան Շեյխուն քաղաքում զարինի օգտագործմամբ հարձակման համար: Նոյեմբերի 7-ին համապատասխան զեկույցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ներկայացրել է Սիրիայում քիմիական գրոհների հետաքննության՝ ՄԱԿ-ի եւ Քիմիական զենքի արգելման կազմակերպության համատեղ մեխանիզմի ղեկավար Էդմոն Մուլեն։
«Վերլուծելով ստացված տեղեկատվության ամբողջ զանգվածը՝ կարելի է վստահությամբ հայտարարել, որ Սիրիայի Արաբական Հանրապետությունն է պատասխանատվություն կրում Խան Շեյխունում զարինի կիրառման համար»,- հայտարարել է Մուլեն՝ հավելելով, որ հետաքննությունը վարող հանձնախմբին չի հաջողվել պարզել այն «կոնկրետ անձանց», ովքեր պատասխանատվություն են կրում գրոհի համար:
Հետաքննության համատեղ մեխանիզմի ղեկավարը նաեւ ներկայացրել է 2016 թվականի սեպտեմբերի 16-ին Մարատ Ում Խոշ բնակավայրում ծծմբային իպրիտի օգտագործմամբ գրոհի հետաքննության արդյունքները, որի պատասխանատվությունը դրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: