«Արցախը վաղուց դարձել է գործիք՝ համաշխարհային ֆինանսական օլիգարխիայի համար». Աշոտ Մանուչարյան

«Արցախը վաղուց դարձել է գործիք՝ համաշխարհային ֆինանսական օլիգարխիայի համար։ Համաշխարհային ֆինանսական օլիգարխիան փորձում է իր իշխանությունը պահպանել, և նրա գործիքներն արտահայտված են բոլոր պետություններում․ չկա աշխարհում որևէ պետություն, որը զերծ է դրանից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը։

Նրա խոսքով՝ պահն է որոշելու, թե ինչ կլինի Արցախի հետ. «Մենք չգիտենք՝ այդ պահին ինչ կլինի Սիրիայում կամ Իրաքում, և այլն։ Հիմա աշխարհի տարբեր տեղերում բռնկվում են տարբեր բաներ, ինչը համաշխարհային ֆինանսական օլիգարխիայի մարտն է՝ ընդդեմ մարդկության։ Նրանք փորձում են իրենց համակարգը պահպանել, իսկ մարդկությունը հասել է մի եզրի, որ այլևս նրանց տանել չի կարող։ ԵՄ-ն ֆինանսական օլիգարխիայի գործիքն է, բայց նրա հետ էլ պետք է կարողանանք խոսել։ Ֆինանսական օլիգարխիայի հետ էլ պետք է կարողանանք խոսել, եթե այնքան մեծանանք, որ դառնանք ինքնուրույն, որ մեզ ինչ-որ բանի տեղ դնեն»։

Նա նկատեց՝ Արցախի հարցում անհեթեթ համեմատություններ են անում Կատալոնիայի և Իրաքյան Քուրդիստանի հետ. «Ես բոլորին հարցնում եմ՝ երբ Կատալոնիան ասաց, որ հանրաքվե է անցկացնում, որևէ կատալոնացու Մադրիդում սպանե՞լ են։ Բայց չէ՞ որ Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում սպանել են հայերին այն բանից հետո, որ դիմում էին գրել Ադրբեջանին, թե՝ թող քեզ մոտից անցնենք Հայաստանի կազմ։ Ադրբեջանը կարող էր ասել՝ ոչ, ուրիշ ոչինչ, բայց սկսեցին սպանել։

Ստեղծվեց ջարդարար խումբ, որն ակնհայտորեն գնում էր իշխանության, ինչպես «Իսլամական պետությունն» է անում, զավթեց ամբողջական իշխանությունը և մինչև այսօր պաշտպանություն է գտնում ինչ-ինչ համաշխարհային ուժերի կողմից։ ԵՄ-ն այդ ուժերից մեկն է, որովհետև գրում է՝ «օկուպացված տարածք»։ Լսիր, ինձ Բաքվում սպանել են, ես փախել եմ Աղդամ, էլի իմ երկիրն է, դու ասում ես՝ դա «օկուպացված տարածք» է, ստեղծվում է մի բանակ ու կրակում ինձ վրա․ փաստորեն, դու դա օրինակա՞ն ես ճանաչում։ Դու ո՞վ ես սրանից հետո․ ես համարում եմ, որ ցեղասպան կառույց ես։ Ես համարում եմ, որ այս ամենի մասին պետք է նրանց հետ խոսել։ Եթե այս ամենն  իրենց ասվեր, ապա այսուհետ քաղաքականությունն այլ կլիներ»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս