Բաժիններ՝

Գործարարների լավատեսությունը և սպառողների վստահությունն աճել են. ԿԲ

ՀՀ Կենտրոնական բանկը ժամանակին եռամսյակային կտրվածքով հրապարակում էր իր կողմից անցկացվող 2 հարցումների արդյունքները։ Դրանցից մեկը արտացոլում էր գործարար միջավայրի սպասումներն ու տրամադրությունները (ԳՄՑ – գործարար միջավայրի ցուցանիշ), իսկ մյուսը՝ սպառողների վստահության մակարդակը (ՍՎՑ – սպառողների վստահության ցուցանիշ)։

Արդեն տևական ժամանակ է՝ ԿԲ-ն չի հրապարակում այս 2 ինդեքսները նախկին ձևաչափով՝ ժամանակային աղյուսակների տեսքով, որտեղ հնարավոր էր տեսնել գործարարների և սպառողների տրամադրությունների փոփոխությունները՝ ըստ առանձին բաղադրիչների։

Սակայն ԿԲ-ն այդ հարցումները շարունակում է անցկացնել, և ամենաթարմ տվյալները ամփոփ ձևով տեղ են գտել ԿԲ-ի կողմից օրերս հրապարակված՝ 2017 թվականի 1-ին կիսամյակի ֆինանսական կայունության հաշվետվության մեջ։

Գործարար միջավայրի ցուցանիշ

ՀՀ ԿԲ կողմից իրականացված հարցումների համաձայն՝ գործարար միջավայրի ցուցանիշը 2017 թ. առաջին կիսամյակում կայունացել է, ինչը վկայում է ներդրումային միջավայրի բարելավման/ վերականգնման մասին։ Ընդ որում, ըստ ԿԲ-ի, բարելավում դիտարկվել է գրեթե բոլոր ոլորտներում:

2017 թ. երկրորդ եռամսյակում ԳՄՑ-ը կազմել է 53.5 (գտնվում է կայունության միջակայքում): Տարեվերջի համեմատությամբ` ցուցանիշն աճել է 1 կետով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ 3.2 կետով:  Ըստ ԿԲ-ի՝ ցուցանիշի աճին նպաստել է գործարար միջավայրի նկատմամբ գործարարների լավատեսական տրամադրվածության վերականգնումը:

Գործարար միջավայրի ցուցանիշի բարելավմանն առավելապես նպաստել է վերջին երեք տարիների համեմատությամբ շինարարության ճյուղի ցուցանիշի զգալի աճը (անկման տեմպերի դանդաղում):

Սպառողների վստահության ցուցանիշ

Ինչպես նշվում է ֆինանսական կայունության հաշվետվության մեջ, 2017 թվականի առաջին կիսամյակում ՀՀ տնային տնտեսությունների եկամուտներն աճել են, ինչի մասին են վկայում նաև տնային տնտեսությունների շրջանում ՀՀ ԿԲ կողմից իրականացված եռամսյակային հարցման արդյունքները։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ զգալիորեն աճել են ֆինանսական վիճակի փոփոխության ընթացիկ և ապագա գնահատականները` նպաստելով սպառողների վստահության ցուցանիշի ինչպես ընթացիկ, այնպես էլ ապագա պայմանների ենթացուցանիշների աճին:

Մասնավորապես` 2016 թ. երկրորդ եռամսյակի համեմատ, 2017 թ. երկրորդ եռամսյակում սպառողների վստահության ցուցանիշն աճել է 2.2-ով և կազմել  44.8:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս