10 ֆիլմ, որ առաջարկում է դիտել Բաբկեն Չոբանյանը
Կարծիք կա, համաձայն որի՝ մարդիկ չեն սիրում իրենց համար թանկ երևույթներով կիսվել: Սակայն այս կարծիքը չի տարածվում 168.am-ի նախաձեռնած՝ ֆիլմեր առաջարկելու գործընթացի մասնակիցների վրա:
Այս շաբաթ իր կինեմատոգրաֆիական նախասիրություններով կիսվել է դերասան Բաբկեն Չոբանյանը:
«Կանաչ մղոն» (The Green Mile)
Հայտնի ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ֆրենկ Դարաբոնտի «Կանաչ մղոն» ֆիլմը Սթիվեն Քինգի համանուն վեպի էկրանավորումն է:
Սարսափելի հանցագործության մեջ մեղադրվող Ջոն Կոֆֆին (Մայքլ Կլարկ Դունկան) հայտնվում է «Սառը լեռ» անվանում ունեցող բանտի մահվան դատապարտվածների բաժնում: Նորեկն իսկական հսկա էր, չափազանց հանգիստ խառնվածք ուներ, ինչը ոչ մի կերպ չէր ազդում նրա նկատմամբ բաժնի ղեկավար Պոլ Էջկոմբի (Թոմ Հենքս) վերաբերմունքի վրա:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Ծովը՝ ներսում» (Mar adentro)
2004 թվականին ռեժիսոր Ալեխանդրո Ամենաբարի նկարահանած ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա: Այն պատմում է իսպանացի նախկին ծովային Ռամոն Սամպեդրոյի (Խավիեր Բարդեմ) կյանքի վերջին երկու տարիների մասին, ով մոտ 30 տարի պայքարել է էվթանազիայի իրավունքի համար։ Ռամոնն ամբողջությամբ կաթվածահար էր՝ անընդհատ մահճակալի վրա պառկած:
Ֆիլմում ներկայացվում են նաև նրա և երկու կանանց միջև հարաբերությունները: Խուլիան (Բելեն Ռուեդա) նրա փաստաբանն է, իսկ Ռոզան (Լոլա Դուենյաս)՝ ընկերուհին, ով փորձում է համոզել Ռամոնին, որ կյանքը լավ բան է, և արժե դրա համար ապրել։ Ռամոնը, չնայած մահանալու ցանկությանը, իր ընկերներին և հարազատներին բացահայտում է կյանքի իմաստն ու արժեքները: Նա ինքը չի կարող շարժվել, բայց կարող է յուրաքանչյուրին ստիպել փոխել իր կյանքի ընթացքը:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Դոգվիլ» (Dogville)
2003 թվականի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի կողմից նկարահանված ֆիլմի գործողությունները ծավալվում են 1930 ական թթ. Դոգվիլ հորինված անվանումով ամերիկյան քաղաքում, որը գտնվում է բարձր լեռներում։ Քաղաքում փողոցները նշանակված են միայն փողոց անվանումով, որոնք սահմանազատված են 2 զուգահեռ գծերով, տները՝ միայն դրանց գծագրերով, ծառերը և թփերը գրված են հատակին «ծառ» և «թուփ» անվանումով, նույնիսկ շունը նկարված է։ Իրական են միայն մի քանի կահույք և ավտոմոբիլները։
Քաղաքն ունի ընդամենը 22 բնակիչ՝ 15 մեծահասակ և 7 երեխա։ Քաղաքն ապրում է հանգիստ շնչով, ունի իր տարօրինակ չգրված կանոնները։ Սակայն քաղաքի, այսպես կոչված, անդորրը խախտվում է, երբ հյուր է գալիս մի խորհրդավոր անծանոթուհի՝ Գրեյս անունով (Նիկոլ Քիդման)։ Շատերը դեմ են լինում Գրեյսի՝ իրենց քաղաքում ապրելուն, սակայն մի մասը կողմ է դրան…
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Շինդլերի ցուցակը» (Schindler’s List)
Ամերիկացի կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի ֆիլմը պատմում է նացիստական կուսակցության անդամ, հանելուկային Օսկար Շինդլերի (Լիամ Նիսոն) մասին, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում փրկում է մոտ 1200 հրեաների։
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Վերջին գործերի ցուցակը» (The Bucket List)
Ամերիկացի դերասան, կինոռեժիսոր և պրոդյուսեր Ռոբ Ռայների ֆիլմը պատմում է քաղցկեղ ունեցող Էդվարդ Քոուլի (Ջեք Նիկոլսոն) և Քարթեր Չեմբերսի (Մորգան Ֆրիման) մասին: Առաջինը միլիարդատեր է, իսկ երկրորդը՝ ավտոմեխանիկ: Նրանք կազմում են իրենց կյանքի վերջին գործերի ցուցակը և մեկնում են շուրջերկրյա ճանապարհորդության:
Թռիչքներ օդապարիկով: Ավտոմրցույթ: Մի խոսքով, կյանքի ուրախությունների հայտնաբերում:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Լավագույն առաջարկությունը» (La migliore offerta)
Իտալացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Ջուզեպե Տորնատորեի մելոդրամայի գլխավոր հերոսը տարեց աճուրդավար, գեղանկարների կոլեկցիոներ, հավերժ միայնակ Վերգիլիոս Օլդմանն է (Ջեֆրի Ռաշ): Վերջինս Կլեր անունով մի առեղծվածային հաճախորդից ստանում է հնաոճ իրերի գնահատման պատվեր: Կլերը հիվանդ է ագորաֆոբիայով և վերջին տասներկու տարիների ընթացքում իր պալատից երբեք դուրս չի եկել:
Աշխատելով աղջկա տանը, Օլդմանը ոչ միայն բացահայտում է ամենուր սփռված հնաոճ իրերի գաղտնիքը, այլ նաև աստիճանաբար սիրահարվում է տանտիրուհուն:
Աղջկա սիրտը գրավելու հարցում նրան օգնում են ընկերների՝ երիտասարդ ինժեներ և կանանց փորձագետ Ռոբերտի (Ջիմ Սթարջես) և ձախողված նկարիչ Բիլլիի (Դոնալդ Սազերլենդ) խորհուրդները:
Շուտով, սակայն, Վերգիլիոսը ստիպված է վերանայել իր արժեքները և թարմ հայացք նետել իր կյանքի վրա:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Թռիչք կկվի բնի վրայով» (One Flew Over the Cuckoo՚s Nest)
1975 թվականին ռեժիսոր Միլոշ Ֆորմանի կողմից նկարահանված գեղարվեստական ֆիլմը Ռենդլ ՄակՄյորֆիի (Ջեք Նիկոլսոն) մասին է, ով բանտից տեղափոխվում է հոգեբուժարան, որտեղ տիրում են հոգեբուժարանի գլխավոր բժշկուհու՝ Ռետչեդի (Լուիզա Ֆլեթչեր) սահմանած կանոնները:
ՄակՄյորֆիին զարմացնում է, որ մյուս հիվանդները համակերպվել են ստեղծված իրավիճակի հետ, իսկ ոմանք նույնիսկ ինքնակամ են եկել հոգեբուժարան: Եվ նա որոշում է ապստամբել: Միայնակ:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Զարթոնք» (Awakenings)
1990 թվականին ամերիկացի դերասանուհի, ռեժիսոր և պրոդյուսեր Փենի Մարշալի կողմից նկարահանված «Զարթոնք» դրաման պատմում է բժիշկ և գիտնական Մալքոլմ Սայերի (Ռոբին Ուիլյամս) մասին, ով հազվագյուտ հիվանդություն ունեցող պացիենտներին փորձում է «արթնացնել» փորձարարական դեղամիջոցներով: Լեոնարդը (Ռոբերտ դե Նիրո) առաջինն էր, ով ստացավ այդ դեղամիջոցը: Նրա զարթոնքը՝ լցված ակնածանքով, վախով ու ոգևորությամբ, հանգեցնում է նաև Սայերի երկրորդ ծնունդին, քանի որ Լեոնարդը բացահայտում է իր և բժշկի կյանքի փոքրիկ ուրախությունները: Ոգեշնչված Լեոնարդի հրաշալի վերականգնմամբ՝ Սայերը «զարթոնքի» դեղամիջոցը տալիս է նաև մյուս պացիենտներին:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Ստորացում» (The Humbling)
Ամերիկայցի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Բարի Լևինսոնի կողմից 2014 թվականին նկարահանված «Ստորացում» ֆիլմը, որը Ֆիլիպ Ռոթի համանուն վեպի էկրանավորումն է, պատմում է հաջողակ, հայտնի և տաղանդավոր, բայց արդեն «հավերժ հոգնած» և ոգեշնչումը կորցրած դերասան Սայմոն Էքսլերի (Ալ Պաչինո) մասին, ով փորձում է ինքնասպանություն գործել: Սակայն նրանից տարիքով բավականին երիտասարդ կնոջ սերը և հարաբերություններն արմատապես փոխում են նրա ծրագրերը:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Մալենա» (Malèna)
Իտալացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ջուզեպե Տորնատորեի «Մալենան» պատմում է գեղեցկուհի այրի Մալենայի (Մոնիկա Բելուչի) մասին: Նախանձող կանայք կեղտոտ բամբասանք էին տարածում նրա մասին: Տղամարդիկ հետապնդում էին և երազում նրա մասին:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
Անի Գաբուզյան