2018-ին ԱԱԾ-ի բյուջեն 150 միլիոնով ավելանալու է
2018 թվականի պետական բյուջեի նախագծով ՀՀ ազգային անվտանգության պետական ծառայությանը կհատկացվի 20 միլիարդ 372 միլիոն դրամ, որը 150 միլիոնով ավելի է 2017 թվականին տրամադրված միջոցներից:
Այսօր Ազգային ժողովում նախագծի քննարկման ժամանակ Ազգային անվտանգության պետական ծառայության տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանն ասաց, որ տրամադրվող գումարների 82 տոկոսն աշխատավարձերի համար են օգտագործելու:
«307 միլիոն դրամն ուղղված է ազգային անվտանգության սահմանների ամրապնդման համար, որից 150 միլիոնով Տավուշի մարզում կառուցվելու է նոր սահմանապահ ուղեկալ»,- նշեց Ա. Հակոբյանը:
ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանը հետաքրքրվեց, թե մենք պետական սահմանի պահպանության հետ կապված ի՞նչ հիմնական խնդիրներ ունենք, և ի՞նչ է նախատեսվում անել: Ի պատասխան՝ Ա. Հակոբյանն ասաց.
«Մենք այս պահին գործունեություն կազմակերպել ենք մեծամասամբ հայ-վրացական սահմանի վրա, որը կազմում է մոտ 265 կիլոմետր, ուղեկալները համալրված են, տեղադրել ենք մեծ տեխնիկական միջոցներ: Սահմանը շատ բազմառելիեֆ տեղեր ունի, պահպանման հետ կապված խնդիրներ կան, մենք նախատեսել ենք աշտարակներ կառուցել ու տեսախցիկներ դնել, որովհետև դժվար է մարդկանցով հսկելը: Հայ-իրանական սահմանին տեղադրված է 13 ուղեկալ: Այնտեղ նույնատիպ աշխատանքներ են տեղի ունենում»: