2018թ. ԱԻՆ-ը ՌԴ-ից 16 միլիոն դոլարի հրդեհաշիջման ժամանակակից տեխնիկա կստանա
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2018 թվականի պետական բյուջեի նախագծով՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը տրամադրվելու է 11 միլիարդ դրամ, որը 175 միլիոն դրամով պակաս է 2017 թվականին տրամադրված հատկացումներից:
Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ասաց, որ ՊՈԱԿ-ների բյուջետային ծրագրերից են արվել կրճատումները:
«Ի ուրախություն մեզ՝ Ճգնաժամային կառավարման ակադեմիան արդեն հավատարմագրվել է և ստացել է վկայական: Մի քիչ գլուխ գովալու առումով ասեմ, որ սա միակ ուսումնական հաստատությունն է, որը հավատարմագրված է»,- նշեց նախարարը:
ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը հետաքրքրվեց, թե՝ ինչպե՞ս եք զարգացնում նախարարությունը, եթե նախարարության բյուջեի մոտ 90 տոկոսը աշխատավարձերի վրա է ծախսվում:
Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ իրենք ստիպված են 4 հերթափոխ պահպանել, իսկ զարգացումն ապահովում են հիմնականում միջազգային համագործակցության շնորհիվ:
«Մեր համագործակցության արդյունքում ՌԴ-ն արդեն իսկ իրականացնում է 16 միլիոն դոլարի համարժեք ներդրումներ»,- նշեց նախարարը՝ Մ. Պողոսյանի խնդրանքով պարզաբանելով, որ դրանք հիմնականում հատուկ տեխնիկական միջոցներն են՝ հրդեհաշիջման ժամանակակից տեխնիկա: Նա նաև նշեց, որ 2019 թվականին հայ-ճապոնական համագործակցության շրջանակներում ստանալու ենք մոտ 15 միլիոն դոլարի հրդեհաշիջման ժամանակակից մեքենաներ:
Մ. Պողոսյանն առաջարկեց աշխատողների թիվը կրճատել. «Միգուցե համակարգը կադրերով լճացած է, ու այդ աշխատավարձի ֆոնդը կարելի է ավելի օպտիմալ օգտագործել նախարարության համար»:
Նախարարը պատասխանեց, որ հնարավոր լճացումը թարմացվում է. «Ինչ վերաբերում է կրճատումներին, մենք օպտիմալացում ենք անում և մենք այդ միջոցներն ուղղում ենք արդիականացմանը»: