«Մենք չենք ասել, որ բոլոր գործարանները վերականգնելու ենք». Կարեն Կարապետյան
ՀՀ կառավարությունը դիտարկում է անարդյունավետ շահագործվող գործարանների վերաբերյալ ներկայացվող առողջացման բոլոր ծրագրերը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց վարչապետ Կարեն Կարապետյանը։
«Մենք չենք ասել, որ բոլոր գործարանները վերականգնելու ենք։ Իրականում այդ բոլոր գործարանների սեփականատերերը, եթե գալիս են մեզ ներկայացնում են առողջացման ծրագիր ու կառավարության կողմից որոշակի աջակցություն են ակնկալում, այդ թվում՝ համապատասխան վարկային միջոցներ, մենք նայում ենք։ Որ ասենք մեծ ալիք է բարձրացել, հաջող օրինակներ ունենք՝ դեռևս ոչ»,-ասաց Կարեն Կարապետյանը։
Այնուամենայնիվ՝ վարչապետի կարծիքով՝ կամաց քայլերով հասնում են այն կետին, երբ կլինեն կիրառական արդյունքներ։ Նա նշեց, որ առաջարկել են բանկերին, որտեղ առկա են բազմաթիվ ակտիվներ, որոնք, սակայն, չեն աշխատում, միասին աշխատել։ «Ճիշտն ասած՝ բանկերի կողմից ավելի մեծ ակտիվություն էինք ակնկալում, որն այս պահին չենք նկատում։ Մենք ասել ենք այդ ակտիվը կորչելու է ձեզ մոտ, առաջարկում ենք դուք էլ շարժվեք, մենք էլ շարժվենք։ Մենք որոշակի միջոցներ տրամադրենք, որպես կառավարիչներ համատեղ մասնակցենք»,-մեխանիզմը պարզաբանեց Կարեն Կարապետյանը։