Կարեն Կարապետյանը հանձնարարեց ուղիներ գտնել խմելու ջրի սակագինը պահպանելու համար

Գործադիրի այսօրվա նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց «Վիոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների մանրածախ սակագների վերաբերյալ:

«2017թ. օգոստոսի 7-ին «Վիոլիա Ջուր»  փակ բաժնետիրական ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սակագների վերանայման հայտով, որով առաջարկել են խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագինը 2018թ. համար ավելացնել 14.3 դրամով: Նշված հայտը ներկայումս գտնվում է հանձնաժողովի կողմից ուսումնասիրության փուլում: Հայտի ուսումնասիրության արդյունքների ամփոփումից հետո, եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կայացնի որոշում 2018թ. համար խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների բարձրացման վերաբերյալ, ապա կառավարությունն անհրաժեշտ է համարում «Վիոլիա Ջուր» ՓԲԸ համատեղ վարձակալության պայմանագրի սահմաններում գտնել մանրածախ սակագների պահպանման ուղղությամբ լուծումներ:

Ելնելով վերոնշյալից՝ հանձնարարում ենք Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին 20-օրյա ժամկետում սակագնի փոփոխության դեպքում, համատեղ աշխատելով «Վիոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ, այդ թվում՝ քննարկելով կազմակերպության կողմից վճարվող վարձակալության վճարի գումարները և համագործակցելով ֆինանսների նախարարի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի հետ՝ կառավարության աշխատակազմ ներկայացնել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման գործող մանրածախ սակագների պահպանման վերաբերյալ համապատասխան որոշման նախագիծ»,- ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Տեսանյութեր

Լրահոս