200 միլիոն դոլարի պայմանագրով զենքերի մատակարարումները դանդաղ են ընթանում

Շաբաթներ առաջ ՀՀ Կառավարությունը հավանություն տվեց Ռուսաստանից 100 միլիոն ԱՄՆ դոլարի զենքի մատակարարման վարկի մասին համաձայնագրի ստորագրմանը: Համաձայնագիրը, հավանաբար, կստորագրվի առաջիկա ամիսներին (միգուցե շաբաթներին):

Սակայն, ինչպես հայտնի է, 2015 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրվեց 200 միլիոն ԱՄՆ դոլարի զենքի մատակարարման վարկի համանման հայ-ռուսական համաձայնագիրը: Այն ուժի մեջ մտավ միայն 2016 թվականի փետրվարին, ու դրա սահմաններում գնված զենքը պետք է մատակարարվեր 2016 և 2017 թվականների ընթացքում:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» պարբերաբար ՀՀ ֆինանսների նախարարությունից հարցումներով ստանում է տեղեկատվություն նշված համաձայնագրի սահմաններում Հայաստանի ունեցած վարկային պարտավորությունների չափի վերաբերյալ: Այդ չափը հավասար է Հայաստանին մատակարարված կամ արտադրական որոշակի ցիկլ անցած զենքերի ընդհանուր արժեքին:

Կարդացեք նաև

Այսպիսով, ի պատասխան մեր հարցմանը պարզվեց, որ 2017 թվականի հոկտեմբերի 25-ի դրությամբ հայկական կողմի՝ այդ պայմանագրով վարկային պարտավորությունների չափը կազմում է 66,6 միլիոն ԱՄՆ դոլար: Այլ կերպ ասած, պայմանագիրը ստորագրելուց ավելի քան երկու տարի անց հայկական կողմը ստացել է 200 միլիոն դոլարի զենքից ընդամենը 1/3 մասը:

Ինչպես երևում է գծապատկերից 66,6 միլիոնի զենքի մեծ մասը մատակարարվել կամ արտադրվել է 2016-ի դեկտեմբերին և 2017-ի սեպտեմբերին:

Հայաստանին զենքի մատակարարման այս աստիճան երկարաձգումը անհասկանալի է, եթե հաշվի առնենք, թե Ռուսաստանն ինչպիսի արագությամբ է զենքեր մատակարարում Ադրբեջանին, Իրաքին, Սիրիային և ռազմական կոնֆլիկտներ ունեցող այլ երկրների: Համենայնդեպս, համաձայն պայմանագրի՝ զենքի մնացած մասը (մոտ 133.4 միլիոն դոլարի) մատակարարելու համար մնացել է ընդամենը երկու ամիս (մինչ 2017թ. դեկտեմբերի 31-ը):

Հ.Գ. Ինչպես նախկինում հայտնել էինք, նշված պայմանագրով մատակարարվելիք զինատեսակների մեծ մասը բավականին հին էր (80-ականների, 70-ականների և անգամ՝ 60-ականների տեխնոլոգիաներ), սակայն դրանով նախատեսված էր նաև համեմատաբար ժամանակակից (10-ից 20 տարվա) որոշ զինատեսակների մատակարարումը, օրինակ, ТОС-1А «Солнцепек» ծանր հրանետները և «Смерч» համազարկային կրակի համակարգերը: «Իսկանդեր» տակտիկական հրթիռները Ռուսաստանից ձեռք են բերվել այս պայմանագրից դուրս: Դրանց մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Տեսանյութեր

Լրահոս