«Նման ձևով վարչարարությունը բացասական է ազդում գործարար միջավայրի վրա». Կարեն Կարապետյանը հանձարարականներ տվեց

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանձարարականներ տվեց որոշ սահմանափակ ռեսուրսներից  օգտվելու համար պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրումը պարզեցնելու վերաբերյալ:

«Ներկայումս տնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն ստանալու համար տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են ստանալ որոշ սահմանափակ ռեսուրսներ, օրինակ՝ հանրային տարածքների վարձակալություն, ջրօգտագործման թույլտվություն և այլն, օգտվելու թույլտվություններ, համաձայնություններ, քվոտաներ և այլ փաստաթղթեր: Այդ  նպատակով տնտեսվարողները պետք է դիմեն համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին:

Տնտեսական մրցակցության պաշպանության պետական հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ շատ հաճախ բացակայում են այդ փաստաթղթերի տրամադրման միասնական և հստակ պայմաններ, ինչպես նաև դրանք տրամադրվում են պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների հայեցողական որոշումների հիման վրա: Նման ձևով վարչարարությունը հատկապես բացասական է ազդում գործարար միջավայրի վրա: Հետևաբար՝ անհրաժեշտ է մշակել այս գործընթացները պարզեցնելու, արդյունավետությունը բարձրացնելու և գործարարների համար հասանելիության հավասար պայմանների ապահովման նոր մեխանիզմ»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Ելնելով նշվածից՝ վարչապետը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարեց, իսկ տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկեց երկամսյա ժամկետում, համագործակցելով ՏՄՊՊՀ-ի հետ, գույքագրել բոլոր դեպքերը, որոնց հիման վրա տրամադրվում են սահմանափակ ռեսուրսներից օգտվելու թույլտվություններ, համաձայնություններ, քվոտաներ և այլ փաստաթղթեր և կառավարության աշխատակազմ ներկայացնել այդ փաստաթղթերի տրամադրումը մրցութային, կանխատեսելի և հստակ կարգով կազմակերպելու վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր:

Տեսանյութեր

Լրահոս