«Մի կուտակեք վիրավորանքը. դա թանկ արժե». Շփման ոսկե կանոններ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ճիշտ շփմանը միտված 8 ոսկե կանոններ.
Շփվելով մեզ շրջապատող անձանց հետ՝ մենք ուզում ենք լավ տպավորություն թողնել, որպեսզի մարդը մեր շրջապատում իրեն հարմարավետ զգա: Բայց մեզ ոչ միշտ է դա հաջողվում, քանի որ լավ ու դրական շփման համար մենք պետք է որոշ կանոններ իմանանք:
1. Մի կուտակեք վիրավորանքը. դա թանկ արժե: Անհրաժեշտ է ներել սովորել: Դա ուրիշին չէ պետք, այլ հենց ձեզ: Չնայած պարտադիր չէ այդ դեպքում շարունակել շփվել ձեզ նեղացնողի հետ:
2. Մի նեղացեք երեխաներից այն բանի համար, որ նրանք ձեզ չեն հասկանում: Հասկանալու համար կյանքի նույն ճանապարհն է պետք անցնել: Ձեր միջև բավականին մեծ ժամանակային բաց կա: Այդպես եղել է և այդպես լինելու է: Հայրերի և որդիների խնդիրը հավերժական խնդիր է:
3. Բարություն անելիս մի սպասեք, որ ձեզ բարությամբ պետք է պատասխանեն: Մի սպասեք, որ ձեզ շրջապատողները ձեզ պետք է սիրեն ու հարգեն: Սովորեք հաճույք ստանալ նրանից, որ դուք բարություն տվող ու կամեցող տեսակ եք, և մարդկանց լավություն եք անում այն ժամանակ, երբ ձեր հոգին ու սիրտն են ուզում, այլ ոչ այն ժամանակ, երբ ձեզ պարտադրում են:
«Օրհնված է նա, ով ոչնչի չի սպասում, քանի որ երբեք ստիպված չի լինի հիասթափվել»: Ա. Պոպ
4. Մի քննադատեք: Ինչպես Կարնեգին է ասել, քննադատությունն անօգուտ է այն պատճառով, որ այն մարդուն ստիպում է պաշտպանվել և, որպես կանոն, ձգտել արդարացնել ինքն իրեն: Քննադատությունը վտանգավոր է այն պատճառով, որ այն հարված է հասցնում քննադատվողի ինքնասիրությանը, կպչում է սեփական ինքնագնահատականին ու հարուցում է նեղվածություն:
5. Մի վիճեք: Միևնույն է, ոչ ոքի ոչինչ չեք ապացուցելու: Յուրաքանչյուրը մնալու է իր կարծիքին: Միևնույն է, մեկ ուրիշը ձեզ չի հասկանալու, քանի որ նա այլ կենսափորձ ունի: Կրկին հիշենք Դեյլ Կարնեգիին, ով ասում էր, թե աշխարհում վեճի մեջ հաղթող դուրս գալու միայն մեկ եղանակ կա. դա վիճելուց խուսափելն է:
6. Մի փափաթեք ձեր անցյալը շրջապատի վզին, եթե նրանք ձեզ այդ մասին չեն խնդրում: Ցանկացած ստիպողաբար արվող բան, ցանկացած ճնշում, անգամ, եթե դա սերն է, ագրեսիա է:
7. Գնահատելով այլ մարդու վարքագիծը՝ աշխատեք ուշադրություն դարձնել իրավիճակին ու հանգամանքներին: Ամբողջ պարադոքսն այն է, որ մենք ինքներս մեզ կարողանում ենք ներել մեր թուլությունները, վատ տրամադրությունը, ոչ պատշաճ վարքագիծը՝ հղում անելով ոչ բարենպաստ իրավիճակին և հանգամանքներին, սակայն նույն բանը երբեք չենք ներում ուրիշներին, և նրանց ամբողջական կերպարը կառուցում ենք՝ ելնելով նույն այդ իրավիճակից ու հանգամանքներից:
8. Մի սպասեք և, առավել ևս, մի պահանջեք, որ ուրիշները ձեզ նման լինեն: Կան մարդկանց տարբեր տեսակներ, որոնք միմյանցից տարբերվում են գիտակցության և ինքնագիտակցության տարբեր մակարդակներով: Մարդկանց միջև նմանօրինակ տարբերությունները ճիշտ նույնպիսին են, ինչ կենդանիների մոտ: Բայց նույնիսկ միևնույն տեսակի մարդկանց մոտ կան անհատական տարբերություններ: Այդ պատճառով էլ իմաստ չունի զարմանալ տարբեր մտքերի, արարքների, մոտիվների ու արժեքային համակարգերի վրա:
ՄԱՐԻԱ ՂՈւԿԱՍՅԱՆ