255 միլիոն դրամով կրճատվել է ԱԺ աշխատավարձի ֆոնդը
«Չնայած պարոն Մարուքյանն ուզում է 1 միլիարդ՝ Ազգային ժողովի համար, այնուամենայնիվ, համընդհանուր կես միլիարդ դրամ մենք այսօր ունենք Ազգային ժողովի համար»,- այսօր Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը:
Նրա խոսքով՝ 2018 թվականին ԱԺ-ին տրամադրվող միջոցները կկազմեն 4 միլիարդ 585 միլիոն 513 հազար դրամ՝ 4 ծրագրերի իրականացման համար: ԱԺ աշխատակազմի և պատգամավորների պահպանման ծրագրի համար կտրամադրվի 4 միլիարդ 376 միլիոն 100 հազար դրամ, միջազգային կազմակերպություններում ՀՀ անդամակցության համար՝ 164 միլիոն 901 հազար դրամ, ԱԺ աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստման համար՝ 1 միլիոն 211 հազար դրամ, ԱԺ աշխատակազմի կարողությունների զարգացման ծրագրի համար՝ 43 միլիոն դրամ, այնինչ նախորդ տարի այս ծրագրով որևէ հատկացում չէր եղել:
Նա նկատեց, որ նշված 4 ծրագրերով տրամադրվող գումարները 233 միլիոն դրամով ավելի են, քան նախորդ տարի:
Ա. Սաղաթելյանն ասաց, որ 255 միլիոն դրամով կրճատվել է ԱԺ աշխատավարձի ֆոնդը, ինչը բացատրվում է պատգամավորների քանակի և աշխատակազմում տեղի ունեցած կրճատումներով: