«ՀՀ պետական գանձարանում փողերի ավելացում նախատեսվում է». Ատոմ Ջանջուղազյան
«Պարոն Ջանջուղազյան, ես արդեն երկար տարիներ տալիս եմ համանման հարց, դուք էլ՝ որպես իսկական մտավորական, համարժեք, համապարփակ, լիովին շրջանցում եք այդ հարցը»,-այսօր Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանաիկ ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ դիմելով ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանին:
Նրա խոսքով՝ քանի որ հիմա փոփոխութհյուններ են եղել երկրում, ժողովուրդը «դռայվի տակ» ընկավ ու զգալի թվով ձայն տվեց այդ փոփոխությունների շնչին, ինքն ուզում է մի պարզ հարց տալ. «Որպես գլխավոր գանձապետ՝ Ձեզ ում եմ հարցնել՝ թվի մեջ փոփոխություն ունե՞նք պետական գանձարանում, փողն ավելանո՞ւմ է»:
Ի պատասխան՝ Ա. Ջանջուղազյանն ասաց. «Չեմ նկատել, որ համանման հարցերը շրջանցել եմ, որովհետև ջանք չեմ խնայում, որ որևէ հարց չշրջանցեմ, կարող են լինել հարցեր, որոնց պատասխանները չունենամ, այդ դեպքում անկեղծությունս բավարարում է, որ ասեմ, որ այդ պատասխանը չունեմ:
Եթե սահմանենք, թե գանձարանում փոփոխություն ասելով՝ ինչ ենք հասկանում, չեմ շրջանցի հարցը: Եթե, օրինակ, համեմատենք երկու տարվա թվերը՝ 2017 թվականի բյուջեի մասին օրենքով ինչքան ծախս է նախատեսվել և 2018-ի բյուջեի նախագծով ինչքան է նախատեսվում, դա ձեզ համար սպառտիչ կլինի՞:
Եթե՝ այո, 2017 թվականի օրենքով՝ 1 տրիլիոն 360 միլիարդի ծախս է նախատեսվել, իսկ 2018 թվականի համար՝ 1 տրիլիոն 464 միլիարդ: Հիմա ավելացում կա՞, թե՞ ոչ: Ինչ վերաբերվում է եկամուտներին՝ 1 տրիլիոն 210 միլիարդ նախատեսված է 2017 թվականի բյուջեով, 1տրիլիոն 307 միլիարդ՝ 2018 թվականի նախագծով: Ենթադրում եմ, որ այդ երկու թվերը հուշում են, որ ավելացում նախատեսվում է»: