Որքան գումար է տրամադրվելու ՀՀ ԱԺ-ի և կառավարության աշխատակազմերին 2018 թվականի բյուջեով
Այսօր Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը: ՀՀ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ ՀՀ նախագահի աշխատակազմի համար 2018 թվականի նախագծով նախատեսված է, որ կօգտագործվի 2 միլիարդ 445 միլիոն դրամ: Նախագահի ինստիտուտի փոփոխությունների գործոնով այս ցուցանիշը զիջում է 2016 և 2017թվականների համար նախատեսված ցուցանիշներին:
«Այս գումարների մեջ մեծ տեսակարար կշիռ ունեն աշխատակազմի պահպանման համար օգտագործման ենթակա միջոցները՝ 2 միլիարդ 395 միլիոն դրամը: Նախագահի ինստիտուտի փոփոխությունների գործոնով պայմանավորված՝ այս ցուցանիշը զիջում է 2017 և 2016 թվականների ցուցանիշներին: Գործընթացը դեռևս շարունակվում է, և մենք արդեն ունենք նոր հայտ նախագահի աշխատակազմից, ըստ որի՝ աշխատակազմի պահպանման համար անհրաժեշտ միջոցները կնվազեն 64 միլիոնով և կկազմեն 2 միլիարդ 331 միլիոն դրամ»,- նշեց Ա. Ջանջուղազյանը:
Նա հայտնեց, որ ԱԺ աշխատակազմի համար նախատեսված է հատկացնել 4 միլիարդ 585 միլիոն դրամ, կառավարության աշխատակազմի համար՝ 19.5 միլիարդ դրամ.
«Վարկային և դրամաշնորհային ծրագրերը կազմեն 14.5 միլիարդ դրամ, ներքին ռեսուրսների հաշվին ծրագրերի ֆիանսավորմանը կտարամադրվի 5.1 միլիարդ դրամ։ Նախատեսվում է իրականացնել 33 ծրագիր»:
Ա. Ջանջուղազյանի խոսքով՝ Սահմանադրական դատարանին 2018 թվականի բյուջեով նախատեսվում է տրամադրել 590 միլիոն դրամ, որից 578 միլիոնը կօգտագործվի դատարանի պահպանման ծախսերի համար:
Փոխնախարարն ասաց, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից նախատեսվում է իրականացնել 17 բյուջետային ծրագիր, որոնց համար տրամադրվելու է 13.5 միլիարդ դրամ:
Դատախազությանը կտրամադրվի 4.4 միլիարդ դրամ, Քննչական կոմիտեին՝ 5. 9 միլիարդ դրամ, Հատուկ քննչական ծառայությանը՝ 650 միլիոն դրամ, Վերահսկիչ պալատին՝ 1.1 միլիարդ դրամ, Դատական դեպարտամենտին՝ 8.8 միլիարդ դրամ, որից 8.54 միլիարդը կուղղվի դատարանների օգտագործմանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կտրամադրվի 1.1 միլիարդ դրամ, որից հանձնաժողովի պահապանման համար կօգտագործվի 299 միլիոն դրամ, իսկ ՏԻՄ ընտրությունները կազմակերպելու համար 751 միլիոն դրամ: Մարդու իրավունքների աշխատակազմին կտրամադրվի 368 միլիոն դրամ: