Ինչու է Թումանյանի ոստիկանապետն աշխատանքից ազատվել. ինչ կապ ունեն Թուֆենկյան հյուրանոցի մոտ հնչած կրակոցները. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ աշխատանքից ազատվել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Վահագն Մոսինյանը։ Նրան փոխարինելու է Արտակ Գուրջանյանը, ով ոստիկանության Վանաձորի Բազումի բաժնի պետի օպերգծով տեղակալն էր։

Մոսիյանի ազատման պատճառն, ըստ լրատվամիջոցների, Ալավերդիում տեղի ունեցած ու իրար հաջորդած քրեական դեպքերն են եղել, նաև՝ Երևանի Թուֆենկյան հյուրանոցի մոտ վերջին կրակոցները:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Թուֆենկյանի դեպքից հետո, հանցագործությունը կատարելուց հետո նրանք անարգել Թումանյանի տարածքից անցել են Վրաստան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուֆենկյանի կրակոցներից հետո տեղեկություններ էին ստացվել, որ հանցագործությունը կատարած անձինք պետք է ձիով` անտառի միջով, անցնեին Վրաստան, և օրեր շարունակ Լոռու ոստիկանները հերթապահում էին հայ-վրացական սահմանին։

Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել էին, որ հոկտեմբերի 29-ին Վրաստանի տարածքում հայտնաբերեցին ու ձերբակալեցին սեպտեմբերի 14-ին Երեւանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած հանցագործությունը կատարելու համար հետախուզվող 1982 թ. ծնված Ալբերտ Բլբուլյանին և1984 թ. ծնված Արմեն Կարադավիդովին: Այժմ վրաց գործընկերների հետ քննարկվում է Ալբերտ Բլբուլյանին և Արմեն Կարադավիդովին Հայաստան տեղափոխելու ընթացակարգը: Հիշեցնենք՝ սեպտեմբերի 14-ին Երևանի Հանրապետության փողոցում՝ «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ, Ալբերտ Բլբուլյանը, Արմեն Կարադավիդովը և 1957 թվականին ծնված Ռաֆիկ Խաչատրյանը «Մակարով» ատրճանակից և «ԱԿ» ինքնաձիգից կրակել էին երկու քաղաքացիների ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ մարդ սպանվել էր, մեկը՝ վիրավորվել։ Սեպտեմբերի 15-ին որոշում էր կայացվել Ալբերտ Բլբուլյանին, Արմեն Կարադավիդովին և Ռաֆիկ Խաչատրյանին որպես մեղադրյալ ներգրավելու և հետախուզում հայտարարելու մասին:  Սեպտեմբերի 22-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համագործակցված և արդյունավետ գործողությունների շնորհիվ Ռաֆիկ Խաչատրյանը հայտնաբերվեց Կոտայքի մարզում ու բերման ենթարկվեց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն:

Ալբերտ Բլբուլյանի և Արմեն Կարադավիդովի հետախուզումը շարունակվում էր ողջ ծավալով ու մեծ ընդգրկումով, և սպասված արդյունքը չուշացավ:

Մեր տեղեկություներով՝ Թումանյանի բաժնի պետ Վահագն Մոսիյանից բացի՝ պաշտոնից ազատվել է նաև վերջինիս տեղակալը՝ Արծրուն Շախկյանը։ Նույն բաժնի երեք ծառայող էլ տույժերի է ենթարկվել։ Այս տեղեկությունը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից չհերքեցին, սակայն այլ մանրամասներ չհայտնեցին»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս