Անզգամ կանանց որոգայթում
Կանանց մեծ մասի կարծիքով՝ անզգամ կանայք (стервы) նրանք են, ովքեր մատների վրա տղամարդկանց պտտեցնում են՝ ինչպես ուզում են: Նրանք կարող են տղամարդկանց հեռացնել իրենց ընտանիքներից, երկրպագուներից, միայն իրենց հայտնի ուղիներով, թանկարժեք նվերներ են կորզում, գումար կամ այլ առավելություններ: Դրանք այն կանայք են, որոնք շահադիտական նկատառումներով են առաջնորդվում, այլ ոչ՝ զգացմունքներով, և դա անում են բավականին հաջող կերպով:
Այդ դեպքում ինչո՞ւ են հաճախ անգամ ամենափորձառու, խելացի, շրջահայաց, հարուստ, իրադարձություններով լեցուն կյանք ապրած տղամարդիկ սիրում նրանց, ամուսնանում նրանց հետ ու տալիս նրանց փնտրած բարիքները: Ինչո՞ւ է ամուսինը հեռանում իր խնամված բարի կնոջից, ով ամեն երեկո ընթրիքի սեղանի առջև սպասում է իրեն, ու գնում լկստված, միգուցե՝ իրենից 10 տարով մեծ, ոչինչ անել չկարողացող ու չցանկացող կնոջ մոտ:
Ինչո՞ւ հեզ, համեստ, բարետես, 2 բարձրագույն կրթություն ու լավ աշխատանք ունեցող աղջիկը չի կարողանում ամուսնանալ, իսկ, ասենք, նրա նախկին համադասարանցին արդեն 2 անգամ բավականին հարուստ ու կայացած մարդկանց հետ ամուսնացել է ու հիմա պատրաստվում է 3-րդ ամուսնությանը:
Ինչո՞ւ են շատ տղամարդիկ հրաժարվում ակնհայտ դրական, կենցաղում հանգիստ կանանցից ու ընտրում արկածախնդիրներին: Երևի թե նրանք ձանձրանում են ու արկածներ են փնտրում:
Սկզբունքորեն այն, որ տղամարդն ի բնե որսորդ է ու գիշատիչ, բոլորս գիտենք: Գիտենք, որ նրա համար հետաքրքիրը որսի պրոցեսն է, ու երբ հասնում է իր ուզածին, ձանձրանում է, քանի որ իր զոհն արդեն վաղուց լուռումունջ սեփականություն է, մի ինչ-որ հավերժական հավելված:
Ասում են նաև, որ տղամարդիկ բնությունից պոլիգամ են, այսինքն՝ հակված են մի քանի կին ունենալ: Այդ դեպքում անգամ ամենագեղեցիկ կինը չի կարող ամուսնության մեջ իրեն հանգիստ զգալ: Բայց մենք իզուր չենք խոսում, այսպես կոչված, անզգամ կանանց մասին:
Ինչ-որ մեկը նկատել է, որ նրանցից ամուսինները չեն հեռանում, այլ ընդհակառակը, նրանք իրենք են հեռանում տղամարդկանցից, և միայն այն բանի համար, որ իրենց կյանքը կապեն նոր, իրենց սիրահարված հերթական տղամարդու հետ:
Նշանակում է՝ պոլիգամիայի տեսությունն այստեղ ասելիք չունի: Լինում է նաև այնպես, որ միևնույն տղամարդը մի ինչ-որ անզգամ կնոջ նվիրում է ավտոմեքենա, բնակարան և ադամանդներ, իսկ մեկ այլ կնոջ՝ 3 վարդից բաղկացած փունջ, և դա էլ՝ մարտի 8-ին: Այս ամենից կարելի է եզրակացնել, որ, այսպես կոչված՝ անզգամ կանայք իրենց զինապահեստում մի այնպիսի բան ունեն, որ չունեն այլ, թեկուզ՝ ամենագեղեցիկ, հաջողակ ու խելացի կանայք:
Եվ այսպես, ինչո՞ւ են տղամարդիկ սիրում անզգամ կանանց:
Բնավորության ուժն անզգամության դրսևորո՞ւմ է արդյոք:
Կամ ինչո՞վ է արտահայտվում այդ կանանց անզգամությունը: Բոլոր այդ կանայք ունեն վառ արտահայտված բնավորություն: Նրանք ուժեղ անհատներ են: Լավ կամ վատ, այլ հարց է, բայց ուժեղ: Այդպիսի կանայք տղամարդկանց ոտքերի առջև գցվող հարմարավետ գորգի դեր չեն կատարի: Նրանք կարող են խաղալ քնքուշ, հաճելի կատվիկի դեր: Բայց եթե հանկարծ տղամարդը ցանկանա տրորել այդ կատվի պոչը, նա իր մագիլներով կճանկռի նրան: Այդ կանայք միշտ կարող են պաշտպանել իրենց և սեփական հետաքրքրությունները: Եվ դա այնքան էլ վատ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից:
Ինքնահարգանք…
Անզգամ կանայք անսահմանորեն հարգում են իրենք իրենց: Ու սիրում: Եվ դա իրականում վատ չէ: Երբ մարդը պաշտպանում է ինքն իրեն ու իր շահերը, միշտ էլ հարգանքի է արժանի: Մեզանում հաճախ այն կարծիքը կա, որ կինը պետք է զիջումների գնա, իր շահերը ստորադասի ընդհանուրի շահերին: Դա լավ է և ճիշտ, եթե զույգի մեջ երկուսն էլ այդպես են վարվում, իսկ երբ դա տեղի է ունենում միակողմանիորեն և միայն կնոջ կատարմամբ, դա արդեն դիտվում է՝ որպես թուլության և կախվածության դրսևորում: Երբ կինն անընդհատ իր շահերը ստորադասում է այլոց շահերին, իր զուգընկերոջ մոտ առաջացնում է խղճահարություն, երբեմն՝ անգամ ատելություն, բայց ոչ երբեք՝ հարգանք:
Եսասիրություն…
Հայտնի ճշմարտություն է, որ մինչև ինքդ քեզ չսիրես, ուրիշները քեզ չեն սիրի: Անզգամ կանայք հստակ գիտեն, թե ինչ են իրենք սիրում ու ինչ են ուզում: Նրանք ցանկանում են իրենց կյանքն ապրել վառ գույներով, հաճույքով, վայելել յուրաքանչյուր պահը: Հենց սա է սերը ինքդ քո ու կյանքի նկատմամբ:
Բաժանվելու պատրաստակամություն…
Անզգամ կանանց տարբերում է ևս մեկ հատկանիշ, որ մնացածը չունեն. նրանք երբեք չեն կառչում հարաբերություններից, ինչպիսին էլ որ դրանք լինեն: Նրանք միշտ, յուրաքանչյուր վայրկյանի պատրաստ են հրաժարվել նրանից, ինչ իրենց դուր չի գալիս: Սա ուղիղ կապ ունի ինքնահարգանքի և անձնական սահմանների պահպանման հետ: Երկուսի միջև եղած հարաբերություններում իշխում է նա, ով ավելի քիչ է կախված մյուսից, ով ավելի քիչ է սիրահարված, իսկ անզգամ կանայք գլխակորույս չեն սիրահարվում, բայց նրանք ևս սիրում են, իհարկե:
Սակայն սիրում են՝ սիրուն ի պատասխան: Հարաբերությունների սկզբում նրանք սթափ են գնահատում իրավիճակն ու տղամարդուն, օդային ամրոցներ չեն կառուցում, հայելու առջև հարսի քող չեն փորձում: Հարաբերությունների զարգացումն ընթանում է այնպես, որ այդ կինն ամեն պահի կարող է հրաժարվել դրանցից, եթե ինչ-որ բան այնպես չգնա: Եվ դա երևում է նրա աչքերում ու դրսևորած վարքագծում: Իսկ ի՞նչն է հետաքրքրում տղամարդուն: Դե, իհարկե, որսորդի ադրենալինը:
Չկանխամտածված, շաբլոնից դուրս, սպոնտան գործողություններ…
Անզգամ կանայք միշտ ստանդարտից դուրս գործողություններով են աչքի ընկնում: Նրանից սպասում են մի բան, նա մեկ ուրիշն է անում: Տղամարդը կրքոտ կերպով սիրահետում է, իսկ նա իր բնակարանի դուռը փակում է ուղիղ նրա քթի առաջ, չնայած դա արդեն երրորդ ժամադրությունն է, ասենք, ու պիտի որ հարաբերություններն ավելի ջերմ լինեին: Լինում է և հակառակը: Այդ կինը կարող է առաջին իսկ հանդիպման ժամանակ կրքոտ գիշեր անցկացնել տղամարդու հետ, իսկ հետո անտեսել նրա զանգերը ու ընկերների հետ ներկայացում դիտելու գնալ: Ոչ ստանդարտ վարքագծի տիպիկ օրինակ, ինչը տղամարդկանց դուր է գալիս: Բացի դրանից, անզգամ կանայք ունակ են անսպասելի արարքների և չեն վախենում հետևանքներից կամ քննադատվելուց:
Հետաքրքիր անձնավորություն…
Այդ կանայք միշտ բնական են, հաճախ՝ անկեղծ ու համարձակ, և դե, իհարկե, հետաքրքիր: Որպես կանոն՝ նրանք միշտ ինչ-որ պատմելու բան են ունենում: Նրանց կյանքը լի է հետաքրքիր իրադարձություններով, օրիգինալ հետաքրքրություններով ու տարատեսակ մարդկանցով: Նրանց շուրջը կյանքն է եռում, և նա զգում է իրեն՝ ինչպես ձուկը ջրի մեջ: Մի՞թե դա չի գրավում: Ի՞նչը կարող է ավելի գայթակղել տղամարդուն, քան վառ, համարձակ, ինքն իրեն հարգող կինը, ով նաև հստակ դիրքորոշում ունի կյանքի նկատմամբ:
Նա միշտ կին է 100%-ով…
Ամուսնության մեջ այդ կանայք երբեք իրենց բնորոշ գծերը չեն կորցնում: Միշտ ակտիվ է, խնամված՝ անգամ ոչ թե ամուսնու, այլ՝ հենց իր համար: Չէ՞ որ նա ինքն իրեն սիրում է: Միջին վիճակագրական կինն ամուսնանալուց հետո փոխվում է: Նա համարում է, որ արդեն կարող է իրեն «բաց թողնել»: Կենցաղից անհետանում է գեղեցիկ ներքնազգեստը, շպարի պարագաները, մոռացվում են նախկին ընկերուհիներն ու հետաքրքրությունները: Կինն ամբողջովին տարրալուծվում է ամուսնու և ընտանիքի մեջ: Մաքուր տուն, նախաճաշ, ճաշ և ընթրիք՝ 3 ճաշատեսակներով: Ահա երջանկությունը: Պատկերացրեք, որ տղամարդն ամուսնանում է մի կնոջ հետ, ով երգարվեստով էր տարված և վազում էր անգլերենի դասի՝ բարձրակրունկներով ու գեղեցիկ կարճ շրջազգեստ հագած, ու մեկ էլ ամուսնությունից 5 տարի հետո դռան առջև նրան դիմավորում է ձանձրալի մի կին՝ սպորտային հագուստով ու առանց հետաքրքրությունների:
Նա ոչ մեկին չի պատկանում, միայն ինքն իրեն…
Տղամարդիկ գիտեն, որ այս կանայք չեն ճկվում ու չեն ենթարկվում, այլապես կհեռանան՝ առանց հետ նայելու, բայց այդ դեպքում ինչպե՞ս ապրել առանց նրանց վարակիչ ծիծաղի կամ խոհանոցային սեղանի վրա անսպասելի պարերի: Տղամարդիկ տարված են այս կանանցով: Նրանք ոչ մի երաշխիք չունեն, որ այդ կինն իրենն է, անգամ, երբ ամուսնացած են: Եվ այս պարագայում տղամարդուն մնում է այնպես անել, որ այդ կինը մնա իր կողքին:
Ցանկացած կին պետք է մի քիչ այնպիսին լինի, ինչպիսին վերը թվարկված կանայք են:
Չէ՞ որ հենց այս կանայք են դուր գալիս տղամարդկանց: Եվ այն կանայք, ովքեր իրենց տղամարդկանց սերն ու ուշադրությունը դեռ երկար ժամանակ են ուզում վայելել, պետք է նրանցից սովորեն հետևյալը՝
- կանայք պետք է իրենք իրենց հարգեն ու սիրեն
- երբեք չդավաճանեն իրենց, պաշտպանեն սեփական շահերը բանակցությունների և երկկողմանի կոմպրոմիսների ճանապարհով
- հարաբերություններում միշտ պետք է զգալի լինի կնոջ անհատականությունը
- երբեք արհեստականորեն չարագացնեն իրադարձությունների ընթացքը և ժամանակից շուտ հարսի շոր չփորձեն
- պատրաստ լինեն անսպասելի արարքների:
ՍՈՖԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ