«Ամեն աստծո օր մենք տեռորի ենք ենթարկվում». առևտրականները բողոքի ակցիա են կազմակերպել

«Համերաշխություն» ՀԿ դիմած բոլոր առևտրականներն այսօր ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում։ Ակցիայի մասնակիցները պահանջում էին իրենց հարկային տեռորի չենթարկել, փոփոխություն մտցնել Հարկային օրենսգրքի՝ ապրանք ներկրողներին և վաճառողներին վերաբերող համապատասխան կետում։ Նրանք բողոքում էին նաև «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ից, որի տրամադրած փաստաթղթերում իրենց գործունեությանը սպառնացող որոշակի վտանգներ են տեսնում:

«Համերաշխություն» ՀԿ նախագահ Արմեն Ներսիսյանը լրագրողների հետ զրույցում հետևյալն ասաց․«Ինձ դիմել են բազմաթիվ շուկաներից, որ նորից իրենց «ահաբեկում» են, նորից շուկաների մուտքերի մոտ կանգնում են օպեր-վարչության տղաները, և էլի մարդկանցից փաստաթուղթ են պահանջում, ով փաստաթուղթ չի ունենում 240 հազար դրամ տուգանում են։ Ամբողջ հարցն այն է, որ 3 գործողությունով մենք պետությանը փող ենք վճարում, այդ 1.5 տոկոսն էլ պատրաստ ենք գլխից վճարել, որ մեզ հանգիստ թողնեն այդ փաստաթղթի քաշքշուկներից։ Մենք խնդրել ենք հղկեն այդ օրենքները, հարմարեցնեն մեզ, բայց մեզ միշտ մերժել են։ Հիմա նորից ժողովուրդը ոտքի է դուրս եկել»։

Նրա խոսքով՝ նախկինում կային կարգոներ, որոնք զբաղվում էին ձեռներեցների ապրանքը օտար երկրներից փոխադրելու ողջ գործընթացով, իսկ հիմա կարգոները չեն զբաղվում դրանով.

«Նրանք հիմա զբաղվում են միայն բեռնափոխադրմամբ, իսկ այդ գործով զբաղվում է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ն։ 1 քաղաքացու ապրանքը բերելու դեպքում տեղի է ունենում 3 գործողություն։ Մարդիկ պատրաստ են գումար վճարել, միայն թե փաստաթղթային քաշքշուկներից հանգիստ լինեն։

Չեն ուզում փաստաթղթով աշխատել, որովհետև նախկինում հաշվապահները մեկի համար 5 հազար դրամով էին գործ անում, հիմա ասում են, որ չեն կարող այդ գումարով գործ անել, որովհետև ձեռներեցն անընդհատ զանգահարելու է ՝ A կատից B կետ տեղափոխման օնլայն հայտարարագրում անելու համար։ Այսինքն՝ անընդհատ քաղաքացին պետք է զանգի հաշվապահին ու ասի, որ իր պահեստից այսինչ ապրանքը տանում է վաճառակետ, օնլայն հայտարարագրիր։ Այս քաշքշուկն է անհանգստացնում։ Ընթացակարգը խուճուճ է։

Նախկինում մրցակցություն կար, իսկ հիմա «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ն է, մրցակցություն չկա»։

Անհատ ձեռներեց Կարինե Գևորգյանն էլ ասաց, որ կարգոներն իրենցից ավել գումար երբեք չեն վերցրել.

«Կարգոյի տերերը մեզ միշտ աջակցել են, գումար են տվել, հետո վերադարձել ու իրենց գումարը տվել ենք։ Պետական մուծումներն արել են, ապրանքը ստացել, վաճառել ենք, նոր տվել ենք այդ պետական մուծումները։ Այսօր ոչ մի ներկրողի գրպանում այդքան գումար չկա, որ միանգամից տեղում ապրանքի գումարը մուծի։ Հիմա տանում են մենաշնորհի։

Ժողովրդի բողոքի ակցիան դադարեց, որովհետև իրենք շատ սիրուն փափուկ բարձ դրեցին, որ ժողովուրդ ջան կբերեք կիլոգրամով, մենք կստուգենք կարգոներին, ապրանքը անօրինական չի մաքսազերծվի, խնդիր չի առաջանա։ Համաձայնեցինք, դադարեցրինք ակցիաները․ եկավ՝ հավաքվեց մի խոշոր թիվ, հիմա իրենցից մաքրելու համար՝ ուզում են, որ այդ ապրանքի թուղթը մենք վերցնենք։

Թող կառավարության մի աշխատակից գա՝ ամբողջ օրը մեզ հետ աշխատի, հետո հատ-հատ գրանցի՝ ինչ ապրանք է պահեստից տեղափոխում, եթե դա ինքը կանի, այստեղից ցանկացած առևտրական դա կանի։ Մենք ուզում ենք թղթաբանությունից ազատվենք, օրենքը հետ կանչեն ԱԺ, սարքեն հասանելի»։

Նա հավելեց. «Ոչ մի երկրում նման բան գոյություն չունի։ Թող հաստատագրված վճար դնեն, անձը պաշտպանված կզգա, պետական բյուջե շատ գումար կմտնի, իսկ հիմա ամեն աստծո օր մենք տեռորի ենք ենթարկվում։ Չի կարելի այսքան հարկ տալ ու ամեն օր տեռորի ենթարկվել։ Ես ուզում եմ հասկանալ՝ ո՞րն է կառավարության նպատակը»։

Տեսանյութեր

Լրահոս