
«ԱՄՆ-ն աշխատում է Սիրիայում ապաէսկալացման նոր գոտիների ստեղծման վրա.» Թիլերսոն

Միացյալ Նահանգներն աշխատում է Սիրիայում ապաէսկալացման նոր գոտիների ստեղծման վրա: Հոկտեմբերի 30-ին այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի կոմիտեում կայացած ունկնդրումների ժամանակ, որոնք վերաբերում էին ռազմական ուժի կիրառմանը։
«Մենք հաջողությամբ ապաէսկալացման մեկ գոտի կազմակերպեցինք Սիրիայի հարավ – արեւմուտքում՝ Հորդանանի եւ Ռուսաստանի հետ համաձայնեցմամբ: Բացի դրանից, մենք հաջողության ենք հասել այնտեղ Իրանի, «Հըզբոլլահի» ներկայության կրճատման գործում: Մենք աշխատում ենք ապաէսկալացման լրացուցիչ գոտիների ստեղծման վրա: Եվ այս դեպքում խոսքը չի վերաբերում սահմանազատման գոտիներին, մենք չենք ցանկանում բաժանել երկիրը»,- ասել է նա: Սիրիայի հարավ – արեւմուտքում ապաԷսկալացման գոտու ստեղծման շուրջը համաձայնությունը ձեռք է բերվել հուլիսի 7-ին Համբուրգում: Դրան համապատասխան՝ Դերաայի, էլ Քունեյթրայի եւ էս Սուվեյդայի նահանգներում զինադադարն ուժի մեջ է մտել հուլիսի 9-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: