«Մանկապարտեզի աշխատակիցներից մեկն ահազանգել է, որ դանակով մտել են մանկապարտեզ և հարձակվել իրենց վրա» (լրացված)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դանակով զինված անձը այսօր հարձակվել է Արմավիրի մարզի «Մանուշակ» մանկապարտեզի աշխատակիցների վրա:
168.am-ի հետ զրույցում ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ ժամը 16:25-ին ստացել են ահազանգ.
«Մանկապարտեզի աշխատակիցներից մեկն ահազանգել է, որ դանակով մտել են մանկապարտեզ և հարձակվել իրենց վրա։ Այս պահին օպերատիվ խումբը դեպքի վայրում է, հանգամանքները պարզվում են, կտրվի լրացուցիչ տեղեկավտություն»։
Զոհերի և վիրավորների մասին տեղեկատվություն դեռևս չկա:
Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հերմինե Վարդանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին որևէ տեղեկատվության չի տիրապետում։
Քիչ առաջ shamshyan.com-ը տեղեկացրեց, որ դեպքի վայր ժամանեց նաև ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի /6-րդ/ գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանը, ով Արմավիրի մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանի և վարչության պետի օպերգծով տեղակալ Սամվել Խմելյանի հետ փորձում են բանակցություններ վարել, որպեսզի քաղաքացին պատանդ վերցված երեխային ազատ արձակի: Այս պահին ոստիկանների բանակցությունների և բացատրական աշխատանքների արդյունքում բոլոր պատանդները բաց են թողնվել, մնացել է միայն մեկ հոգի: