Բաժիններ՝

Լեհաստանը Ֆրանսիայի հետ բանակցելու է Հովհաննես Պողոս Բ-ի հուշարձանի հնարավոր տեղափոխման շուրջը

Լեհաստանի կառավարությունը մտադիր է ակտիվորեն գործել եւ Ֆրանսիայի իշխանությունների հետ տարբեր մակարդակներով մի ամբողջ շարք բանակցություններ վարել ծագումով լեհ Հռոմի Հովհաննես Պողոս Բ պապի հուշարձանը հանրապետություն տեղափոխելու հնարավորության շուրջը՝ հուշարձանից խաչն ապամոնտաժելու անհրաժեշտության վերաբերյալ Ֆրանսիայի Պետական խորհրդի որոշման պատճառով:

Հոկտեմբերի 30-ին Լեհաստանի ռադիոյի եթերում այս մասին հայտարարել է Լեհաստանի նախարարների կաբինետի մամուլի քարտուղար Ռաֆալ Բոխենեկը: «Մոտ օրերս մենք, անշուշտ, կձեռնարկենք նոր քայլեր: Սա վարչապետ Բեատա Շիդլոյի նախաձեռնությունն է:

Մենք մեզ պարտավորված ենք զգում գործել՝ նկատի առնելով այն փաստը, որ դա մեր հայրենակցի եւ այն մարդու հուշարձանն է, որն արդի քրիստոնեության խորհրդանիշն է»,- նշել է նա: Նրա կարծիքով՝ քրիստոնեական արժեքներից հրաժարումը, որը կարելի է տեսնել վերջին ժամանակներս, «վերջին հաշվով կործանման կբերի Եվրոպային»:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, Ֆրանսիայի Պետական խորհուրդը հաստատել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետի հուշարձանից խաչն ապամոնտաժելու անհրաժեշտության մասին ավելի վաղ կայացված դատական վճիռը, հուշարձան, որ կանգնեցված է Բրետոնի Պլոերմել փոքր քաղաքի հրապարակում: Պետական խորհրդի փորձագետների խոսքով՝ խաչը կրոնական խորհրդանիշ է եւ նշան, ինչպես նշում է պետությունից եկեղեցու անջատման մասին 1905 թվականի դեկտեմբերի 9-ի օրենքի 28-րդ հոդվածը, եւ քաղաքի հանրային օգտագործման վայրերից մեկում դրա գտնվելը հակասում է օրենքին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս