Չինաստանն աշխարհի առաջատարն է արագընթաց երկաթուղիների երկարությամբ
Չինաստանի երկաթուղային կորպորացիան Երկաթուղիների միջազգային միության (UIC) հետ համատեղ կանցկացնի համաժողով, որին կհրավիրվեն «Գոտիներ եւ ուղիներ»-ի երկարությամբ գտնվող երկրները: Մասնակիցները պետք է քննարկեն երկաթուղու բնագավառում համագործակցության հաստատման եւ ենթակառուցվածքային փոխկապվածության ապահովման թեմաները:
Այդ մասին «Սինհուա»-ի թղթակցին հայտնի է դարձել ժամանակակից երկաթուղային տեխնոլոգիաների եւ սարքավորումների՝ հոկտեմբերի 26-ին բացված 14-րդ չինական միջազգային ցուցահանդեսում: Միջոցառումը 240-ից ավելի ձեռնարկությունների ու կազմակերպությունների է հավաքել աշխարհի 12 երկրներից ու տարածաշրջաններից՝ հնարավորություն տալով ցուցադրելու վերջին նվաճումները երկաթուղային տրանսպորտի ոլորտում, հատկապես Չինաստանի երկաթուղային ճյուղում:
Ինչպես հաղորդվում է, 2016 թվականի վերջի դրությամբ Չինաստանում գործող երկաթուղիների երկարությունը կազմում էր 124 հազար կիլոմետր, ինչը երկրորդ ցուցանիշն է աշխարհում: Արագընթաց երկաթուղային հաղորդակցության շահագործվող մայրուղիների երկարությունը կազմել է 22 հազար կիլոմետր (համաշխարհային ցուցանիշի 60 տոկոսը), ինչը թույլ է տվել Չինաստանին դառնալ աշխարհի առաջատարը:
Չինաստանի երկաթուղային ճյուղի համար ուղենիշային իրադարձություն է դարձել, մասնավորապես, վերջերս «Ֆուսին» գնացքի առեւտրային շահագործման գործարկումը, որը Պեկին-Շանհայ երթուղով երթեւեկում է ժամում մինչեւ 350 կիլոմետր արագությամբ:
Ամբողջութամբ վերցված՝ երկաթուղային տեխնոլոգիաների ընդհանուր մակարդակով Չինաստանը տեղ է զբաղեցնում առաջավոր երկրների շարքում, իսկ մի քանի տեխնոլոգիաների գծով դարձել է առաջատար, հայտնել են ցուցահանդեսի մասնակիցները: Նաեւ նրանք խոսել են «խելացի» երկաթուղային տրանսպորտի՝ այն ուղղության մասին, որտեղ չին մասնագետները, ինչպես եւ նրանց արտասահմանցի գործընկերները մտադիր են իրականացնել ակտիվ որոնումներ՝ շարունակելով նոր տեխնոլոգիաների յուրացումը: