Մանկական աուտիզմ
Վերջին ժամանակահատվածում մեր հասարակության մեջ տարածում գտավ աուտիզմ ախտանիշի քննարկումը, և բազմաթիվ ծնողներ, որևէ ինքնամփոփ վարքային դրսևորում կամ զարգացման մի փոքր հապաղում նկատելով, անհանգստացած դիմում են մասնագետի՝ հասկանալու համար, արդյո՞ք աուտիզմ է, թե՞ ոչ: Մինչ անդրադառնալն աուտիզմի բնորոշմանը, նախ՝ պետք է նշել, որ աուտիզմը դա դատավճիռ չէ:
Շատ են դեպքերը, երբ ոչ կոմպետենտ մասնագետները, բժիշկները, հանդիպելով նման երեխաների, ծնողներին առաջարկում են երեխային ձևակերպել որպես հաշմանդամ, կամ հանձնել հատուկ հաստատություններ, որտեղ երեխաների հետ կաշխատեն որակավորված մասնագետներ: Սակայն, նրանք մոռանում են շեշտել, թե որքան տաղանդավոր կարող են լինել այս երեխաները, որքան հնարավորությունների և ունակությունների տեր մարդիկ են: Նման թյուրիմացություններից զերծ մնալու և հստակ տեղեկատվություն ստանալու համար, եկեք հասկանանք՝ ինչ է աուտիզմը:
Ի՞նչ է աուտիզմը
Աուտիզմը, դա հոգեկան զարգացման խանգարում է, որը սովորաբար արտահայտվում է այլ մարդկանց հետ փոխհարաբերվելու ունակության և ցանկության բացակայությամբ, օտարացմամբ: Որպես կանոն՝ աուտիկ երեխաների մոտ սոցիալական փոխգործունեությունը բացակայում է, նրանք ձեռք չեն բերում նոր ընկերներ, չեն գրկում ծնողներին, չեն նայում աչքերի մեջ և, շատ հաճախ, չեն արձագանքում, երբ իրենց դիմում են: Ինչպես նաև, հնարավոր են հետևյալ ախտանիշերը՝ չզարգացած խոսք, տեսողական կենտրոնացման անկայունություն, սոցիալական հմտությունների թերզարգացածություն, երևակայության խանգարում, սահմանափակ հետաքրքրություններ:
Աուտիկ երեխաների վիճակը ավելի սրացնում են իրենց վախերը: Նրանք, որպես կանոն, վախենում են ամեն նոր երևույթից, և, հայտնվելով նոր հաստատությունում կամ անծանոթ միջավայրում, կարող են խուճապի մատնվել: Նման վիճակի աուտիկ երեխաներին կարող է հասցնել նաև նոր հագուստը, աղմուկը, օրինակ, կենցաղային իրերի, մթությունը կամ վառ լուսավորությունը: Ստանալով նմանատիպ բացասական հույզեր՝ երեխան է՛լ ավելի է մեկուսանում դեպի ներաշխարհ և փակվում այնտեղ:
Աուտիզմի վաղ դրսևորման ձևերը
Չկան հստակ թեստեր կամ աուտիզմը ախտանշող մեթոդիկաներ, որոնք կտան միանշանակ պատասխան՝ աուտի՞զմ է, թե՞ ոչ: Դա է պատճառը, որ ծնողները պատահաբար են տեղեկանում, որ իրենց երեխան աուտիկ է: Պատճառն այն է, որ խոսքի զարգացումն անհատական բնույթ է կրում, և ամեն երեխա մի տարիքային փուլում է սկսում խոսել: Սակայն կան վարքային մի քանի դրսևորումներ, որոնց կարելի է ուշադրություն դարձնել: Հոգեկան զարգացման խանգարման վաղ դրսևորում է՝ փախուստ շփումից կամ դրա լիարժեք բացակայություն: Երեխան, ով ունի աուտիզմ, ի տարբերություն իր հասակակիցների, դժվարությամբ է գնում որևէ մեկի գիրկը, խուսափում է մայրական քնքշանքից, փախցնում հայացքը, նայում մի կետի: Հաճախ լինում են կասկածներ, որ երեխան ունի լսողական խնդիր, քանի որ չի արձագանքում: Սակայն դա այդպես չէ: Իրականում շրջապատող աշխարհը նրանց համար քաոսային է, անհասկանալի և վախեցնող, ինչն էլ դյուրագրգռության և ներփակվածության ցանկություն է առաջացնում: Աուտիկները չեն հասկանում միմիկան, ժեստերը, ձայնի տեմբրը, հումորը կամ տխրությունը, այդ պատճառով դիմացինի հետ շփում հաստատելը նման է այլմոլորակային էակին փորձել հասկանալուն:
Ի՞նչ անել, եթե երեխան աուտիկ է
Աուտիկ երեխաների հետ փոխհարաբերությունների ժամանակ ծնողների մոտ առաջացող հիմնական խնդիրներից մեկը կապված է նրանց դժվար ուսուցանման հետ: Նման երեխաները, որպես կանոն, ունեն հետաքրքրությունների շատ նեղ շրջանակ, որից շատ դժվար են դուրս գալիս: Կարևոր է իմանալ, որ աուտիկ երեխաները մտավոր հետամնաց չեն (լինում են բացառություններ) և ունեն միջին կամ բարձր մտավոր կարողություններ: Նրանցից բոլորը չէ, որ կարողանում են միանգամից և ամբողջովին դրսևորել իրենց ունակությունները: Որոշ աուտիկներ հասնում են մեծ հաջողությունների նեղ մասնագիտական ոլորտում, օրինակ՝ երաժշտության կամ մաթեմատիկայի մեջ, սակայն ունակ չեն ինքնասպասարկման և չեն տիրապետում հաղորդակցության պարզագույն կանոններին:
Ծնողների համար մեկ այլ խնդիր է աուտիկ երեխայի հույզերի դրսևորման բացակայությունը: Երբ երեխան տեսնում է ծնողներին կամ այլ ծանոթ մարդու, նրա մոտ չեն դրսևորվում դրական հույզեր: Նա ամբողջովին անտարբեր է շրջապատի նկատմամբ: Իրականում նման անտարբերությունը թվացյալ է և պարտադրված: Աուտիկ երեխան չի կարողանում հաստատել երկարատև տեսողական կոնտակտ ցանկացած անձի հետ, իսկ տարբեր վախերը ստիպում են նրան մեկուսանալ շրջակա աշխարհից՝ դարձնելով նրան անտարբեր նույնիսկ ծնողների և հարազատների հանդեպ:
Հաճախ հանդիպող խնդիրներից է նաև աուտիկ երեխաների հասարակության մեջ ինտեգրման ժամանակ նրանց թվացյալ առողջ լինելու հանգամանքը: Բավական է, որ նման երեխան դրսևորի իր վիճակին հատուկ վարք, շրջապատող մարդիկ նրան կհամարեն անդաստիարակ, հույզերից զուրկ էգոիստ, հիստերիկ, և այլն:
Հնարավո՞ր է բուժել աուտիզմը
Գոյություն չունի աուտիզմի հատուկ բուժում: Այս խանգարումն ունի տևական ընթացք: Հաղորդակցման և իրականության ընկալման հետ կապված խնդիրներն աուտիկ մարդու մոտ դրսևորվում են ամբողջ կյանքի ընթացքում: Նրանք ստիպված են լինում ամեն օր սովորել սոցիալական նորմեր և կանոններ, հարմարվել նոր փոխհարաբերություններին: Չնայած գոյություն ունեցող դժվարություններին, աուտիկ երեխաները հասարակության անբաժան մասն են: Ավելին, շատ աուտիկ երեխաներ մեծանալով՝ դառնում են անկախ, ինքնաբավ անհատներ և չեն ունենում մասնագետի օգնության կարիք: Շատ կարևոր է, որպեսզի վաղ տարիքից աուտիկ երեխաների հետ իրականացվի վարքագծի, շփման և խոսքի զարգացումը խթանող մասնագիտական աշխատանք, ինչը դրական ազդեցություն կունենա նման երեխաների՝ հասարակության մեջ ինտեգրման գործընթացի վրա: Եվ այդ հարցում ամենակարևոր օգնականը երեխայի ծնողն է: