Համանախագահների դեմարշն Ալիևին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին տարբեր առիթներով, բայց ղարաբաղյան հակամարտության թեմային են անդրադարձել Մինսկի խմբի համանախագահ երկրներից երկուսը՝ ԱՄՆ ու Ռուսաստանը:

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը դրական է որակել Ժնևում հանդիպումները շարունակելու մասով Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը և խոսել արտգործնախարարների առաջիկա հանդիպում նախապատրաստելու մասին՝ ասելով, որ պետք է իրականացվեն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Խնդրին անդրադարձել է նաև ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ հայտարարելով, որ արվում են քայլեր բանակցությունները շարունակելու համար, բայց նաև անհրաժեշտ են լարվածությունը թուլացնելու քայլեր:

Զախարովան չի խոսել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի մասին: Բայց հատկանշական է, որ թե՛ ռուսաստանյան, թե՛ ամերիկյան կողմի ներկայացուցիչները խոսել են հանդիպումները շարունակելու և լարվածությունը թուլացնելու քայլերի մասին: Մեկ այլ հատկանշականություն է այն, որ նրանք, ըստ էության, կոնկրետ անդրադարձ չեն կատարել հենց Ժնևից հետո լարվածությունը մեծացրած ադրբեջանական քայլերին:

Մի կողմից սա տարօրինակ է հանդիպումները շարունակելու մասին նրանց հայտարարությունների ֆոնին, որովհետև Ադրբեջանի քայլերը, ըստ էության, հենց հանդիպումների շարունակությունն անիմաստ դարձնող քայլեր են՝ ինչ հանդիպում, եթե դրանից առաջ էլ, հետո էլ Ադրբեջանը կրակելու է:

Եվ ուրեմն՝ տրամաբանությունը հուշում է, որ Ժնևից հետո լարվածության աճը պետք է լիներ առանձին անդրադարձի ու գնահատականի առարկա: Բայց ոչ միայն Շեֆերը և Զախարովան, այլ նաև Մինսկի խմբի համանախագահությունն ընդհանրապես չարեց որևէ հայտարարություն այդ թեմայով: Մյուս կողմից՝ դա էլ յուրօրինակ վերաբերմունք և դիրքորոշում է, որը տողատակում կարող է պարունակել բավականին ուշագրավ իմաստ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս