Ինչո՞ւ են նվազում դրամային ավանդների տոկոսադրույքները
Վերջին շրջանում քաղաքացիները դժգոհում են, որ բանկերում դրամային ավանդների տոկոսադրույքները զգալիորեն նվազել են:
Եթե նախկինում բանկերում տարեկան մինչև 16 տոկոս, երբեմն էլ ավելի էին դրամային ավանդների տոկոսադրույքները, ապա այժմ, լավագույն դեպքում, 11, 12 տոկոս է:
Բանկում 2 մլն դրամ դրամային ավանդ ունենալու դեպքում, տարեկան 16 տոկոս տոկոսադրույքի պայմաններում քաղաքացին կունենար 320.000 դրամ գումար, ներառյալ՝ ԱԱՀ-ն: Ամսական տոկոսադրույքը կկազմեր 26.666 դրամ: Այժմ, բանկում նույն չափի գումար ունենալու դեպքում, տարեկան 12 տոկոս տոկոսադրույքի պայմաններում քաղաքացին կունենա 240.000 դրամ գումար: Ամսական տոկոսադրույքը կկազմի 20.000 դրամ, ներառյալ՝ ԱԱՀ-ն:
Իսկ թե ի՞նչ պատճառով են նվազել դրամային ավանդների տոկոսադրույքները՝ 168.am-ը փորձեց ճշտել ոլորտի մասնագետներից:
Թաթուլ Մանասերյան, տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր.
«Ամբողջ աշխարհում ավանդների տոկոսադրույքների անկում է տեղի ունեցել, հատկապես՝ տնտեսական ճգնաժամից հետո: Կան երկրներ, որտեղ ավանդատուն է վճարում, որպեսզի իր գումարը պահվի բանկում: ՀՀ-ում ավանդների տոկոսադրույքների անկումը հետևողական, շարունակական բնույթ է կրում: ՀՀ Կենտրոնական բանկը վարում է հավասարակշիռ քաղաքականություն, այն է՝ կրճատել վարկերի տոկոսադրույքները: Եթե ավանդների դիմաց տոկոսադրույքները բարձր են վճարվում, դրա վրա մարժան էլ ավելացնենք, դրանից շատ ավելի բարձր գնով պետք է վարկեր տրամադրվեն:
Վարկերի և ավանդների միջև օրգանական կապ կա: Այդ իմաստով Կենտրոնական բանկի վարած քաղաքականությունը շատ տեղին է: ՀՀ-ում ավանդներ ունեն ինչպես՝ ՀՀ, այնպես էլ՝ արտերկրի, մեր հանրապետությունում ժամանակավորապես բնակվող անձինք, որովհետև արտերկրի հետ համեմատած, որտեղ կարող է նաև ավանդների տոկոսադրույքը զրոյական լինել, մեր երկրի բանկային ավանդները բավական բարձր տոկոսադրույքներ ունեն: Հայաստանում ավանդատուների թվի աճ է արձանագրվել, ինչը խոսում է շահագրգռվածության մասին:
Պետք է մտածել բանկային համակարգում ռիսկերի կառավարման մասին: Շատ կարևոր է տնտեսության զարգացմանը բանկերի ներգրավումը: Երբ վարկերի տոկոսադրույքները՝ ի հաշիվ ավանդների տոկոսադրույքների, ավելի մատչելի կդառնան, ներդրումները ևս կարող են ավելանալ: Ավանդները հատուկ են միջին և միջինից բարձր խավին, իսկ աղքատության շեմին գտնվող անձինք գոյատևում են օրվա հացով:
Նշեմ, որ ՀՀ Կենտրոնական բանկի վարած քաղաքականության շնորհիվ մեր ազգային դրամն ամրապնդեց իր դիրքերը և հետխորհրդային տարածքում միակ ազգային արժույթն է, որն ընդհանրապես չարժեզրկվեց, ինչը շատ կարևոր է տնտեսության զարգացման համար: Նույնը չի կարելի ասել հարևան Ադրբեջանի, Վրաստանի և Ռուսաստանի համար»:
Արտակ Առաքելյան, տնտեսագետ, ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դասախոս.
«Ավանդների տոկոսադրույքներն իջնում են, որովհետև Կենտրոնական բանկը սկսել է ավելի հավասարակշռված փողի քաղաքականություն վարել. և´ վերաֆինանսավորման տոկոսադրույքը և´ լոմբարդայինը սկսել է նվազեցնել: Ինչ վերաբերում է նրան, թե դա կնպաստի ավանդների ներգրավման չափի նվազմանը, բնականաբար, եթե միշտ սպեկուլյատիվ պահանջարկը կա, և այն դեպքում, երբ մեր ավանդները, մինչև 10 մլն-ը՝ դրամային, և արտարժութայինը՝ մինչև 5 մլն դրամի համարժեքով, երաշխավորված են և ենթակա փոխհատուցման՝ ավանդները փոխհատուցող հիմնադրամի կողմից, եթե տոկոսադրույքն իջնում է, բանկում ավանդ ներդնելու շահագրգռվածությունը նվազում է: Կենտրոնական բանկը պատրաստ է ավելի ցածր տոկոսադրույքով վարկեր տալ առևտրային բանկերին, դրանով նպաստելով, որ փողի հասանելիությունը տնտեսության մեջ բարձր լինի՝ չվախենալով ինֆլյացիայի մակարդակից:
Կանխատեսելն անշնորհակալ գործ է, սակայն տնտեսության աշխուժացման և ձեռնարկատիրության աճին զուգընթաց՝ փողի նկատմամբ պահանջարկի աճը կբերի ավանդների տոկոսադրույքների բարձրացման»:
Արտակ Քյուրումյան, ֆինանսական կառավարման փորձագետ.
«Ավանդների տոկոսադրույքների նվազեցման պատճառներից մեկը վարկերի նվազումն է: Ինչո՞ւ են բանկերն ավանդ ներգրավում, որպեսզի հետո այդ միջոցներով վարկավորեն: Եթե 2007-2008 թվականներին վարկերն աճում էին, ապա 2011, 2013 թվականներին աճի տեմպերը նվազեցին: Յուրաքանչյուր տարի վարկերի աճի տեմպը 25-30 տոկոս էր կազմում, այժմ նվազեցին մինչև 10-15 տոկոս: Եթե վարկավորումը նվազում է, ի՞նչ իմաստ ունի միջոցներ ներգրավել: Մյուս գործոնը՝ ավանդների տոկոսադրույքների նվազումը, կարող է պայմանավորված լինել կապիտալի ավելացման պահանջով: Հունվարի մեկից բանկերն ավելացրեցին իրենց կապիտալը: Որոշ բանկեր ֆինանսական միջոցներ ներգրավեցին բաժնետերերից, ինչի արդյունքում իրենց մոտ ֆինանսական ռեսուրսն ավելացավ: Դրա հետևանքով նվազեց ավանդ ներգրավելու անհրաժեշտությունը: Վարկավորման կարիքը նվազել է, միջոցներ ներգրավելու անհրաժեշտությունը՝ ևս: Եթե իրենք վարկ չեն տալիս, նշանակում է՝ չեն կարողանալու ավանդի տոկոսը տալ:
Եթե տնտեսությունը սկսի արագ աճել, բանկերը միջոցների կարիք ունենան, հնարավոր է՝ ավանդների տոկոսադրույքներն աճեն: Օրինակ, 2015 թվականի վերջին ԱՄՆ-ի Կենտրոնական բանկը սկսեց իր տոկոսադրույքները բարձրացնել՝ 0.25-1.25 տոկոս»:
Էդուարդ Մանուկյան, բանկային ոլորտի մասնագետ, «Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպության մասնաճյուղի կառավարիչ.
«Բանկերը բարձրացնում են տոկոսադրույքներն այն ժամանակ, երբ իրենց մոտ մեծ քանակությամբ ավանդ են ներդնում: Հակառակը բիզնեսի կանոններին համահունչ չէր լինի: Հիմա հակառակ գործընթացն է տեղի ունենում: Ռեսուրսների նվազման պահանջարկի հարց կա: Եթե բանկերը ռեսուրսների պահանջ չունեն, վարկերի ավելի բարձր տոկոսադրույքներ չեն սահմանի: Վարկերի ավելի քիչ պահանջարկ կա: Ստացվում է, որ բանկերի ֆինանսական միջոցները մնում են իրենց մոտ:
Այժմ իրավաբանական անձանց համար ավանդների տոկոսադրույքը 5 տոկոս է կազմում, ֆիզիկական անձանց դեպքում, կարծեմ՝ 7 տոկոս:
Ավանդատուների հանդեպ բանկերը տարբեր քաղաքականություն կարող են վարել: Մեկը կարող է, ասենք, 100.000 դոլար ներդնի, այդ դեպքում բանկը կարող է ավանդը հատուկ պայմաններով վերցնել: Մյուսը, ասենք, 100.000 դրամ է ներդնում, այդ դեպքում անհատական մոտեցում չի լինի»:
Անահիտ Սիմոնյան