Բաժիններ՝

Ռընե Զելվեգերը մարմնավորելու է դերասանուհի և երգչուհի Ջուդի Հառլենդին

Ամերիկացի դերասանուհի Ռընե Զելվեգերը, որը հայտնի է «Բրիջետ Ջոնսի օրագիրը» (2011 թվական) կատակերգությամբ, մարմնավորելու է հոլիվուդյան աստղ եւ երգչուհի Ջուդի Հառլենդին (1922-1969): «Ջուդի» անվանումը կրող ժապավենի նկարահանումներն սկսվելու են 2018 թվականի փետրվարին: Այդ մասին հոկտեմբերի 23-ին հայտնել են Pathe (Ֆրանսիա) եւ Calamity Films (Մեծ Բրիտանիա) կինոստուդիաները:

Ֆիլմի գործողությունը տեղի է ունենում 1968 թվականին՝ «Օզ երկրի կախարդը» (1939 թ.) կինոնկարում Հառլենդի ունեցած հաջողությունից 30 տարի անց: Զելվեգերը մարմնավորելու է Հառլենդին, որը 45 տարի բեմի վրա լինելուց հետո երազում է վերադառնալ տուն՝ երեխաների մոտ:

Կինոնկարի ռեժիսորը կդառնա բրիտանացի Ռուփերթ Հուլդը, սցենարը գրում է Թոմ էջը, իսկ պրոդյուսեր է ընտրվել Դեւիդ Լիվինգսթոնը:

Ռընե Զելվեգերը նկարահանվել է 40-ից ավելի ֆիլմերում, որոնցից ամենահայտնիներն են համարվում «Ջերի Մագուայերը» (1996 թ.), «Ամուրին» (1999 թ.), «Չիկագո»-ն (2002 թ.), «Սառը լեռը» (2003 թ.), «Նոկդաուն»-ը (2005 թ.) եւ «Բրիջետ Ջոնսի օրագիրը»՝ երկու շարունակություններով:

Ամերիկուհին երեք անգամ անվանակարգվել է «Օսկար» մրցանակի, այդ թվում՝ «Չիկագո» եւ «Բրիջետ Ջոնսի օրագիրը» աշխատանքների համար: Սակայն նրան պարգեւ է բերել երկրորդ պլանի դերը Ջուդ Լոուի եւ Նիկոլ Քիդմանի մասնակցությամբ «Սառը լեռը» ֆիլմում:

Ջուդի Հառլենդը (իսկական անունը՝ Ֆրենսիս Համմ), որը ծնվել է Մինեսոթայի նահանգում, 47 տարեկան հասակում վախճանվել է Լոնդոնում: Նա ճանաչում է ձեռք բերել «Օզ երկրի կախարդը» 1939 թվականի ֆիլմում Դորոթիի դերով եւ երկու անգամ անվանակարգվել է «Օսկար» կինոմրցանակի՝ «Աստղ է ծնվել» (1954 թ.) կինոնկարում գլխավոր դերի եւ «Նյուրնբերգյան դատավարություն» (1961 թ.) ժապավենում երկրորդ պլանի դերի համար: Սակայն միակ «Օսկար»-ը նա նվաճել էր շատ ավելի շուտ՝ 1940 թվականին՝ մանկական կինոյի ասպարեզում ձեռքբերումների համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս