Բաժիններ՝

«Սա հնարավորությունն է՝ Հայաստանից հեռանալ մեծ քանակի ձայնասկավառակներով և ծանոթանալ հայկական երաժշտությանը». Մարկուս Միլեր

«Yerevan Jazz Fest 2017»-ի շրջանակում Երևան են այցելել մեգաաստղեր Մարկուս Միլերն ու Գոնսալո Ռուբալկաբան:

«Գրեմմիի» կրկնակի մրցանակակիր Մարկուս Միլերն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ նման ջազ փառատոները թույլ են տալիս իրեն հաղորդակցվել մարդկանց հետ. «Ջազ երաժշտի համար մեծագույն ձեռքբերումն այն է, որ, երբ կարողանում ես 3 նոտա նվագել, և այդ երեք նոտան նվագելու ընթացքում մարդիկ ճանաչում են, թե ով է նվագողը։ Չգիտեմ՝ ինձ մոտ 3 նոտայով կստացվի՞, թե՞ ոչ, բայց 5 նոտայով՝ հավանաբար։ 5 նոտա նվագելով՝ կիմանաք, որ ես եմ, ուստի՝ ջազը հնարավորություն է տալիս արտահայտվելու, արտահայտչամիջոց է»։

Միլերն ասաց, որ դեռ չի լսել հայկական երաժշտություն, ծանոթ չէ հայկական ջազին, և իր այցը համարում է հնարավորություն՝ Հայաստանից հեռանալ մեծ քանակի ձայնասկավառակներով, որոնցով կծանոթանա մեր երաժշտությանը։

Հենց այդ պահին ջազ երաժիշտ Լևոն Մալխասյանն նրան հանձնեց հայկական ջազի 10 ձայնասկավառակ՝ ընդգծելով, որ հայկական ջազը 75 տարեկան է։ Միլերն ասաց, որ հաճույքով կլսի դրանք։

Կարդացեք նաև

Մարկուս Միլերի ամենասիրելի երաժշտական գործիքը բաս-կիթառն է, սակայն ստեղծագործելիս՝ նախընտրում է դաշնամուրը. «Կլարնետ եմ նվագում 10 տարեկանից ի վեր, բայց եթե ընտրելու լինեմ, կընտրեմ բաս-կիթառը»։

Խոսելով ջազի յուրահատկության մասին, երաժիշտն ասաց, որ ջազ համերգները յուրահատուկ են դառնում, քանի որ երաժիշտները կապ են պահում լսարանի հետ, և ըստ երաժշտության՝ փոփոխություններ կատարում նվագելու ընթացքում։ «Երբ դասական երաժիշտ ես, ոչինչ չի փոխվում ու չի կարող փոխվել։ Երբ ջազի մեջ ես, սրահում զգացողություններ կան, որոնց վրա հիմնվելով՝ դու փոխում ես քո երաժշտությունը՝ համապատասխանելով այդ զգացողություններին։ Միշտ կապս պահում եմ լսարանի հետ՝ կողմնորոշվելու համար, թե հաջորդ քայլը որն է լինելու»,- ասաց նա՝ հավելելով, որ ջազի լավագույն արվեստագետները հարգում են դասական երաժիշտներին։

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ–ում կկայանա աշխարհահռչակ երաժիշտ, «Գրեմմի» կրկնակի մրցանակակիր Մարկուս Միլերի համերգը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս