«Արջանոց» ռեստորանային համալիրում պահվող արջերի ազատավանդակի չափսերը չեն համապատասխանում սահմանված պահանջներին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արձագանքել է լրատվական կայքերում և սոցիալական ցանցերում անազատ պայմաններում պահվող արջերի կեցության պայմանների մասին շրջանառվող լուրերի վերաբերյալ տեղեկություններին:
Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ տարածքային ստորաբաժանումները կատարել են շրջայցեր եւ պարզել, որ Երևանում «ԳԱՋԵԳՈՐԾ» ՓԲԸ-ին պատկանող տարածքում պահվող 2 արջի համար նախատեսված ազատավանդակի չափսերը համապատասխանում են ՀՀ կառավարության 26.06.2009թ. «Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված կենդանիներին պահելու եվ օգտագործելու կարգը սահմանելու մասին» թիվ 725-Ն որոշմամբ հաստատված պահանջներին, տնօրինությունը վստահեցրել է, որ համապատասխան փաստաթղթերն առկա են, սակայն հաշվի առնելով, որ ձեռք բերելուց անցել են ավելի քան 10 տարի, խնդրել է տրամադրել լրացուցիչ ժամանակ դրանք ներկայացնելու համար:
Ստուգումների արդյունքում պարզվել է, որ Հրազդանի կիրճում գտնվող «Արջանոց» ռեստորանային համալիրի տարածքում պահվող երկու արջերի ազատավանդակի չափսերը չեն համապատասխանում վերոհիշյալ որոշմամբ սահմանված պահանջներին։ Ռեստորանային համալիրի տնօրինությունը պատրաստակամություն է հայտնել արջերին տրամադրել ավելի բարվոք պայմաններ ունեցող կազմակերպությունների։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչների պահանջներին ի պատասխան` կազմակերպությունները պարտավորվել է սեղմ ժամկետում ներկայացնել համապատասխան փաստաթղթերը։ Խնդիրը գտնվում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում և վերահսկողության ներքո, ՀՀ մարզերում իրականացվող շրջայցերի արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: